Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի արտգործնախարարություն. «Ֆրանսիան ծանր հարված հասցրեց Թուրքիայի հետ իր կապերին»


«Ֆրանսիան «ծանր հարված» հասցրեց Թուրքիայի հետ իր կապերին», - ասված է Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունման կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության` այսօր տարածած հայտարարության մեջ: - «Թուրք-ֆրանսիական հարաբերությունները, որոնք դարեր շարունակ զարգացել են, այսօր ծանր հարված ստացան ֆրանսիացի որոշ կարճատես քաղաքական գործիչների՝ անհիմն պնդումների վրա հիմնված անպատասխանատու նախաձեռնություններով»:

«Այս օրինագծով Ֆրանսիան, դժբախտաբար, կորցնում է իր արտոնյալ կարգավիճակը թուրք ժողովրդի համար», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Թուրքիայի արտգործնախարարության համոզմամբ, օրինագիծը ոտնահարում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված խոսքի ազատության իրավունքը:

«Պետությունների վստահելիությունը կախված է, առաջին հերթին, նրանից, թե արդյոք նրանք հավատարիմ են մնում այն արժեքներին, որոնք իրենք են քարոզում», - հավելել է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունը՝ մատնանշելով խոսքի ազատության հետ կապված իրավիճակը բարելավելու պահանջով ճնշումները, որ գործադրում է Եվրամիությունը Թուրքիայի վրա:

Թուրքական խորհրդարանի նախագահ Բյուլենթ Առընջը հայտարարել է, թե Ֆրանսիայի խորհրդարանի օրինագիծը արտացոլեց Թուրքիայի նկատմամբ «թշնամական վերաբերմունքը»:

«Դա ամոթալի որոշում է», - թուրքական «Անադոլու» գործակալության փոխացմամբ՝ հայտարարել է Առընջը: - «Դա թշնամական վերաբերմունք է թուրք ժողովրդի նկատմամբ»:

Նա նաեւ ասել է, թե «ցավալի է», որ Թուրքիայի հետ Ֆրանսիայի կապերը վտանգող նախաձեռնություն է հանդես բերվել՝ որպես «որոշակի էթնիկ տարրի հաճոյանալու քաղաքականություն» հաջորդ տարվա նախագահական ընտրություններից առաջ:

Առընջը նաեւ համոզմունք է հայտնել, թե «նույն ազատությունը պետք է ունենան ե'ւ նրանք, ովքեր ասում են, որ ցեղասպանություն եղել է, ե'ւ նրանք, ովքեր ասում են, որ չի եղել»:

Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է օրինագիծը, որով մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է նախատեսվում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը հերքողների համար:

Մինչեւ երկրի նախագահի կողմից հաստատվելը, օրինագիծը պետք է քվեարկվի Սենատում, իսկ վերջինի կողմից փոփոխության ենթարկվելու դեպքում պետք է կրկին քվեարկվի Ազգային ժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG