Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքի դրույթները վիճարկող պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարանը կսկսի քննել նոյեմբերի 7-ին


Նոյեմբերի 7-ին Սահմանադրական դատարանը կսկսի քննել Ազգային ժողովի 27 ընդդիմադիր պատգամավորների դիմումը՝ Հայաստանի ընտրական օրենսգրքի մի շարք դրույթներ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց պատգամավոր, Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը:

«Արդարություն», «Ազգային միաբանություն», «Օրինաց երկիր» խմբակցությունները, ինչպես նաեւ մի շարք անկախ պատգամավորներ վիճարկում են հիմնականում դատավորի՝ ընտրական հանձնաժողովի անդամ լինելու հետ կապված հարցերը:

Սահմանադրական դատարանում հարցը զեկուցելու է դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը: Պատգամավորներին ներկայացնելու են Շավարշ Քոչարյանը եւ «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հրայր Թովմասյանը:

Միաժամանակ, հոկտեմբերի 10-ին ընդդիմադիր եւ անկախ պատգամավորների 30 ստորագրությամբ մեկ այլ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելու համար:

Պատգամավորները վիճարկում են դրույթը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG