Մատչելիության հղումներ

Հելսինկյան ֆեդերացիան անընդունելի է համարում Թուրքիայի վերաբերմունքը փոքրամասնությունների նկատմամբ


Մարդու իրավունքների հելսինկյան միջազգային ֆեդերացիան երեկ հրապարակել է «Թուրքիա. սիստեմատիկ ժխտման քաղաքականություն փոքրամասնությունների նկատմամբ» վերնագրված 26-էջանոց տեղեկագիրը:

Ինչպես ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում, տեղեկագրում ներկայացված են ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի կիրառած սահմանափակումների քաղաքականության իրավական հիմքերը, իշխանությունների կողմից այդ քաղաքականության մեկնաբանությունը, փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատների նկատմամբ օրենքների ի չարս գործադրման բազմաթիվ փաստերը:

Տեղեկագրում բերված են օրինակներ, թե ինչպես են Թուրքիայում ոտնահարվում տարբեր էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնությունների, այդ թվում քրդերի, հայերի, հույների, ալեւիների, լազերի, չերքեզների եւ գնչուների իրավունքները:

«Եվրոպական միությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության եւ այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցը քննարկելիս գլխավոր չափանիշը պետք է լինի այն, թե ինչպես է Թուրքիան վերաբերում իր փոքրամասնություններին», - հայտարարել է Հելսինկյան միջազգային ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Ֆիշերը: - «Այսօր լուրջ անհամապատասխանություն կա Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ եվրոպական չափանիշների միջեւ»:

Ֆիշերը նաեւ շեշտել է, որ «մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի է մի քաղաքականություն, որը բնութագրվում է շատ փոքրամասնությունների գոյությունն անգամ չընդունելով, փոքրամասնությունների կամ նրանց առնչվող պատմական փաստերի մասին խոսող մարդկանց նկատմամբ դատական հետապնդումներով, փոքրամասնությունների առջեւ ծառացած հիմնական խնդիրները լուծելու չկամությամբ»:

Տեղեկագրում հատուկ ընդգծված է թուրքացման քաղաքականությունը, որը երկիրը որդեգրել է 20-րդ դարի սկզբից ի վեր. - «Այս քաղաքականությունը հանգեցնում է մշակութային միաձուլման, չեն ճանաչվում էթնիկ, ազգային եւ կրոնական ինքնությունը պահպանելու՝ անհատների իրավունքները, եւ դրա նպատակն է ստիպողական միաձուլումը թուրքական ինքնությանը»:

Փաստաթղթում ասված է նաեւ, որ փոքրամասնությունների նկատմամբ խտրականության թեմային անդրադառնալը կամ Թուրքիայում հայերի ցեղասպանությունը հիշատակելը հետապնդվում է Քրեական օրենսգրքով՝ «բնակչության շրջանում թշնամանք կամ ատելություն սերմանելու» կամ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքներով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG