Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ի փոխանցմամբ, «Թուրքիայի վճռաբեկ հանրապետական դատախազությունը «վատ պաշտոնավարելու» եւ «թուրքի ինքնությունը նվաստացնելու» հիմնավորմամբ, «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պետական մակարդակով հայց չներկայացնելու մեղադրանքով», հետաքննություն է սկսել 2001 թվականից այս կողմ պաշտոնավարած վարչապետերի եւ արտգործնախարարների դեմ»: Թերթը գրում է, որ դատական հայց է ներկայացվել նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթի, ներկայիս արտգործնախարար Աբդուլա Գյուլի, նախկին արտգործնախարար Իսմայիլ Ջեմի, վարչապետ Թայիփ Էրդողանի նկատմամբ:

«Պայքարը Եվրոպայի համար վերածվում է Հայաստանի համար պայքարի» խորագրի ներքո թերթը նաեւ վերլուծել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի արարք բնութագրող օրինագծի՝ Ֆրանսիայի խորհրդարանում հոկտեմբերի 12-ին նախատեսվող քննարկումից առաջ ստեղծված եւ դրանից հետո կանխատեսվող կացությունը:

«Ազգ» օրաթերթը, փոխանցելով CNN Turk հեռուստատեսության, ինչպես նաեւ «Միլիեթ»-ի գլխավորությամբ թուրքական մի շարք թերթերի հաղորդագրությունները, նշում է, որ Ֆրանսիայի օրինագիծը դատապարտել է նաեւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը: Ըստ թերթի հաղորդագրության, Պոլսո պատրիարքը ասել է. - «Պետք է առաջնորդվել երկխոսությանն ու փոխըմբռնմանը նպաստող նախաձեռնություններով: Մեզ համար չի կարող ընդունելի լինել այս նպատակին չծառայող ոչ մի ձեռնարկում: Ինչպիսի փաստարկներ էլ ունենան, անհատի խոսքի ազատությունը սահմանափակող բոլոր նախաձեռնությունները հարված են հասցնելու թուրք եւ հայ հասարակությունների երկխոսությանը եւ երկու կողմերում էլ խրախուսելու են ազգայնամոլ տարրերի հզորացումը»:

«Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը, անդրադառնալով կիրակի օրը Արարատի մարզի Հայանիստ գյուղում Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցած բախմանը, մասնավորապես, գրել է. - «Հակոբյանի հետ կատարվածը ուսուցողական կլինի բոլոր այն օլիգարխների համար, ովքեր ապագայում կհանդգնեն ընդվզել իրենց բիզնեսի հետ հնարավոր փոփոխությունների կապակցությամբ. նրանք կիմանան, որ երբ տերերն ասում են` ոչ, ուրեմն` ոչ: Իսկ Հայաստանի քաղաքացիների աչքերում այս պատմությունը կարող է ներկայացվել որպես կրիմինալի դեմ անողոք պայքար: Բնականաբար, ոչ ոք չի ասի, թե ինչո՞ւ նախկին կռիվների մասնակից պատգամավորներին չեն կալանավորում, կամ մյուս գազալցակայանների «լեւի» գծերի հարցը ինչո՞ւ չի բարձրացվում եւ այսպես շարունակ»: «Մի խոսքով, գտնվել է այդքան փնտրված կրիմինալը», - հեգնել է վերլուծաբանը:

«Թեեւ Հակոբ Հակոբյանի ճակատագիրը տակավին մշուշոտ է, բայց Էջմիածնում ոմանք արդեն մտածում են նրա թափուր տեղը զբաղեցնելու մասին: Ոմանք արդեն սկսել են երազել թիվ 26 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին: Էջմիածնում խոսում են, թե արդեն ներքին պայմանավորվածություն կա Հայաստանի նախագահի ու պաշտպանության նախարարի միջեւ, որ Հակոբ Հակոբյանի փոխարեն նույն ընտրատարածքից արտահերթ ընտրություններով պատգամավոր ընտրվի Բանակային կորպուսի հրամանատար Սեյրան Սարոյանի հայրը՝ Ֆիրդուսի Սարոյանը», - գրւոմ է «Առավոտ»-ը::

«Ազգ» թերթը, պնդելով, թե «ԱրմենՏել»-ի վաճառքն արդեն կայացած փաստ է, եւ այն ձեռք է բերել արաբական «ԷՏԻՍԱԼԱՏ» ընկերությունը, հավելել է. - «Առավել ուրախալի փաստն այստեղ այն է, որ գնորդը կամավոր հրաժարվել է ինտերնետի մենաշնորհից: Սրանով, փաստորեն, լայն հնարավորություններ են ստեղծվում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման համար, որի հիմնական խոչընդոտը այս ոլորտում «ԱրմենՏել»-ի ունեցած մենաշնորհն էր»։

Նկատի ունենալով օրեցօր անտանելի դարձող խցանումները մայրաքաղաքի ավտոճանապարհներին` «Հայկական ժամանակ»-ը այսօր փոխանցել է. - «Այն, ինչ կատարվում է Երեւանի կենտրոնական փողոցներում, այլեւս չի կարելի անվանել երթեւեկություն: Սա ընդամենը մեքենաների ու հետիոտնի քաոսային տեղաշարժ է, որն ապահովվում է միայն վարորդների փոխադարձ, լռելյայն պայմանավորվածությունների արդյունքում»: Ստեղծված իրավիճակի պատճառներից մեկը թերթը կապում է մայրաքաղաքի կենտրոնի անկանոն կառուցապատման հետ. - «Վայրենի, անտրամաբանական, բոշայավարի կառուցապատումը մասամբ ավարտվել է, եւ Երեւանի կենտրոնում հառնած երկնաքերները սկսել են ընդունել իրենց բնակիչներին: Վերջիններս, բնականաբար, երթեւեկում են ոչ թե ավտոբուսներով, այլ գրեթե ավտոբուսի չափեր ունեցող ջիփերով: Նրանք գալիս-գնում են, իրենց տպավորիչ չափերով մեքենաները կանգնեցնում են շենքի մոտ, ամբողջական փողոցներ վերածում ավտոկայանատեղիների, եւ այս իմաստով սա միայն սկիզբն է»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG