Մատչելիության հղումներ

logo-print

Արթուր Բաղդասարյան. «Նախընտրական դաշինքների ձեւավորումը բացառված չէ»


«Դեռեւս չկա որեւէ քաղաքական ուժ, ում հետ «Օրինաց երկիր»-ը համաձայնության եկած լինի առաջիկա ընտրություններում դաշինք ձեւավորելու շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Նախընտրական դաշինքների ձեւավորումը բացառված չէ», - ասաց Ազգային ժողովի նախկին նախագահը: - «Այսօր այդ մասին խոսելը դեռեւս վաղ է: Ոչ թե նրա համար, որ կան պայմանավորվածություններ` ուղղակի չեն հրապարակվում: Ոչ, նման պայմանավորվածություններ չկան: Կան ուղղակի տարբեր ցանկություններ` համագործակցելու կոնկրետ խնդիրների շուրջ»:

Հարցին, թե ի՞նչ ասել է «Օրինաց երկիր»-ը ընդդիմություն է, Բաղդասարյանը պատասխանեց. - «Մենք ընդդիմություն ենք գործող իշխանություններին, ընդդիմություն ենք վերեւից ներքեւ իրականացվող սխալ քաղաքականությանը»:

Հիշեցմանը, թե անցած օգոստոսին ինքը ասել էր, որ այսօրվա իշխանությունների մեջ կան «կրիմինալ տարրեր», եւ այդ կապակցությամբ անուններ տալու խնդրանքին Բաղդասարյանը արձագանքեց. - «Մենք գիտենք, որ Հայաստանում շատ մարդիկ կան, որոնք թքած ունեն օրենքի եւ օրինականության վրա... Մամուլը հեղեղված է տարբեր նախարարների, մականունավոր պաշտոնյաների մասին բազմաթիվ հայտարարություններով... Ես չեմ ուզում իջնել քաղաքական դաշտում պրիմիտիվիզմի մակարդակի եւ ասել` այսինչ այսինչյանը... Մենք չե՞նք տեսնում, որ մարդիկ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ են տարվում այս կամ այն կազինոներում: Դա կրիմինալ չէ՞: Կրիմինալը պոզով-պոչո՞վ է լինում»:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ֆինանսավորման մասին Բաղդասարյանը ասաց հետեւյալը. - «Մեկ միլիարդ դոլարի օգնություն ենք ստանում: 80 դրամով դոլարի կուրսը նվազել է: Մեկ միլիարդ դոլար էլ նվազագույնը մարդիկ կանխիկ են բերում, տալիս են իրենց ազգականներին: Երկու միլիարդ դոլար բազմապատկեք 80-ով, անում է... ավելի քան 400 միլիոն դոլարի վնաս է հասցվել մեր ժողովրդին: Էդ գումարները վաղը կդնեն, մարդկանցից ձայներ կառնեն»:

Ինչ վերաբերում է խորհրդարանի «գծագրված» կազմին դեռ ընտրություններից ամիսներ առաջ, Բաղդասարյանը ասաց. - «Մարդիկ, ովքեր սխեմաներ են գծում, որոշում են, թե ով է մեծամասնություն լինելու, նրանք չարաչար սխալվում են, որովհետեւ Հայաստանը սպառել է գծագրված սցենարներով ընտրություններ անցկացնելու բոլոր լիմիտները»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG