Մատչելիության հղումներ

Ձերբակալված պատգամավորի նկատմամբ կարող է սկսվել քրեական հետապնդում


Ազգային ժողովի պատգամավորներից շատերը չեն բացառում, որ «եթե ոչ վաղը, ապա այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին մեղադրանք առաջադրելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրով գլխավոր դատախազը կմտնի խորհրդարան»:

Վաղը` հոկտեմբերի 11-ին լրանում է Հակոբ Հակոբյանի ձերբակալության 72 ժամը: Այսինքն` մինչեւ ժամկետը լրանալը գլխավոր դատախազը միջնորդագրով պետք է դիմի Ազգային ժողովին` պատգամավորին մեղադրանք առաջադրելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար համաձայնություն ստանալու նպատակով, կամ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը պետք է ազատ արձակվի:

Սակայն, որպեսզի գլխավոր դատախազը միջնորդագիրը ներկայացվի խորհրդարանին, նախ անհրաժեշտ է արտահերթ նիստ հրավիրել, որովհետեւ խորհրդարանում հերթական քառօրյան անցյալ շաբաթ էր:

«Ազատություն» ռադիոկայանի հավաստի աղբյուրների վկայությամբ, այս պահին արտահերթ նիստ հրավիրելու որեւէ նախաձեռնություն չկա:

Տեսականորեն հնարավոր է նաեւ, որ վաղը նման նախաձեռնություն լինի եւ հրատապ նիստ գումարվի: Չի բացառվում, սակայն, որ Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Հակոբ Հակոբյանին վաղն ազատ արձակեն, հետո միայն գլխավոր դատախազը միջնորդագրով մտնի խորհրդարան:

Պատգամավորը ձերբակալվել է հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում «Հայռուսգազարդ» գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ խուլիգանության փաստից հետո, ինչի արդյունքում եղել են տուժածներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG