Մատչելիության հղումներ

logo-print

Վիկտոր Մարտիրոսյան. «Չի կարելի քաղաքական խմորումները տեղափոխել կրթության բնագավառ»


«Չի կարելի քաղաքական խմորումները տեղափոխել կրթության բնագավառ», - համոզված է Եվրոպական համալսարանի նոր ռեկտոր Վիկտոր Մարտիրոսյանը, որն ընտրվել է Սերգեյ Բիչախչյանի հրաժարականից մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 6-ին:

Մեկնաբանելով առաջինկուրսեցիներից ընդամենը 30֊-ին տարկետման իրավունք տրամադրելու մասին կառավարության որոշումը` նոր ռեկտորը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. -֊ «Մենք դիմել ենք, ծնողները դիմել են տարբեր ատյաններ, սպասում ենք դրական պատասխանի: Մենք ձգտում ենք, որ այս թիվն աճի: Ի՞նչ սկզբունքով են հաշվել. որքանո՞վ է ճիշտ հավասարարժեք մեկ բուհի մեկ ֆակուլտետին տալ 25 տեղ, մյուսին՝ 3: Սա խտրական վերաբերմունք է: Առանձին չինովնիկների պատեհական հայտարարությունները հարցի լուծում չեն»:

Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, հիմք ընդունելով սեպտեմբերի 1-20-ը բուհում՝ նախարարության եւ կառավարության աշխատակիցների համալիր ուսումնասիրությունների արդյունքներն ու գրավոր արձանագրությունը, օրերս հայտարարեց. - «Եվրոպական համալսարանը մշտապես գործել է արտոնյալի կարգավիճակում եւ հաճախ՝ օրենքներից դուրս, ուստի՝ գործունեությունը կանոնակարգելու անհրաժեշտություն կա»:

Բուհի ղեկավարությանն առավել դուր չի եկել պնդումը, թե «հոգաբարձուների խորհուրդը «ֆիկցիա» է եւ բուհի կառավարման հիմնական ֆունկցիաները, այդ թվում ՝ ռեկտոր նշանակել-ազատելը, ըստ էության, վերապահված են խորհրդի նախագահին»:

«Ես երեք օր առաջ եմ ընտրվել, եւ ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում՝ հրավիրվել է խորհրդի նիստ, քվեարկությամբ կատարվել է ընտրություն, խորհրդի նախագահը չի նշանակել ինձ», - նշեց Մարտիրոսյանը: - «Հոգաբարձուների խորհուրդը ֆիկցիա չէ: Մենք խորհրդի կազմում ունենք 8 անդամ, եւ բոլորը բուհի հետ սերտ կապեր ունեցող մարդիկ են: Նրանցից 5-ը Երեւանից են: Մնացածի հետ կապվում ենք օրենքով թույլատրված կարգով՝ էլեկտրոնային փոստի միջոցով»:

Ինչ վերաբերում է առաջին կուրսի խաբված ուսանողների խնդրին, բուհն արդեն փակցրել է տարկետման իրավունքով բանակից ազատված 30 հոգու ցուցակները: Իսկ 200 ուսանողների բողոքող ծնողները նախագահի վերահսկողական ծառայությունից դեռ չեն ստացել նախարարության պատասխան նամակը, ինչի հիման վրա կարող են դիմել Սահմանադրական դատարան:

Մինչդեռ, այսօր արդեն հրապարակվել է Հայաստանի նախագահի հրամանագիրը աշնանային զորակոչ անցկացնելու մասին:



Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG