Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից ՄԱԿ-ը կգլխավորի Բան Կի Մունը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը պաշտոնապես հաստատեց Հարավային Կորեայի արտգործնախարար Բան Կի Մունի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Կորեացի դիվանագետը կդառնա համաշխարհային 61-ամյա կառույցի 8-րդ ղեկավարը:

«Սա պետք է լիներ ուրախության պահ: Բայց, փոխարենը, ես այստեղ կանգնած եմ ծանր սրտով»,- Սեուլում կայացած ասուլիսում հայտարարել է Բան Կի Մունը՝ պարզաբանելով. - «Չնայած միջազգային հանրության միաձայն նախազգուշացմանը՝ Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկում իրականացրեց»:

Բան Կի Մունը, որը 40 տարվա դիվանագետ է, Հարավային Կորեայի արտգործնախարարն էր շուրջ երկուեւկես տարի: 2005 թվականին նա մասնակցել է Հյուսիսային Կորեայի հետ զինաթափման հարցով վեցակողմ բանակցություններին: Նա խոստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ընտրվելու դեպքում օժանդակել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի կարգավորմանը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության հաղորդագրության համաձայն, Բան Կի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու է 2007 թվականի հունվարի 1-ից, երբ Քոֆի Անանը կավարտի իր հնգամյա պաշտոնավարումը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բոլթոնը «շատ կարեւոր իրադարձություն» է որակել Բան Կի Մունի ընտրությունը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը, իր հերթին, կարծիք է հայտնել, որ Բան Կի Մունը ունի գլխավոր քարտուղարի համար անհրաժեշտ բոլոր որակները. - «Նա մի անձնավորություն է, որը մեր աջակցությամբ կարող է կատարել այս դժվարին աշխատանքը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG