Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ոչ ոք չի խնդրում իշխանություններին պահել «ծեծող բրիգադներ», որոնք պատրաստ են կատարել իշխանավորների եւ օլիգարխների հրահանգները եւ դրանով իսկ ամրապնդել ներկայիս կրիմինալ համակարգը: Այնպես որ, հարգելի իշխանավորներ, պետք չէ Ձյունանուշիկի տեսք ընդունել, երբ ձեզ մեղադրում են կրիմինալ լինելու մեջ», - գրված է «Առավոտ»-ի խմբագրականում:

«Արտաքին միջավայրի առումով Հայաստանը մուտք է գործել բավականին բարդ փուլ», - արձանագրել է այսօր «Իրավունք»-ի խմբագրականն ու մանրամասնել. - «Ղարաբաղյան կարգավորման գործընթացներն ակնհայտորեն արագացվում են Վաշինգտոնի կողմից: Արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը արդեն հանդիպել են, էլի են հանդիպելու, իսկ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան ակնհայտորեն ձգտում է ինչ-որ բան «սարքել» Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի գլխին ամենամոտ ապագայում՝ հոկտեմբերի 17-ին։ Դրան հավելվում է նաեւ այն, որ ադրբեջանական կողմին հաջողվեց Արցախի հարցը մտցնել ՄԱԿ-ի քննարկման օրակարգ, ինչը բազում անախորժություններով է հղի»։

Նկատի ունենալով Եվրախորհրդում փակուղի մտած Կոսովոյի խնդիրը ՄԱԿ-ի օրակարգ մտցնելու անխուսափելիությունը`«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանն այն զուգադրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարի հետ. - «Այժմ տեղի է ունենում Ադրբեջանի կողմից չկանխատեսված շրջադարձ՝ ՄԱԿ-ի ամբիոն է տեղափոխվում նաեւ Կոսովոյի խնդիրը, որի լուծումից նա անհանգստանում է հասկանալի պատճառներով։ Կոսովոն դիտվում է որպես անկախության արժանի երկրամաս, Մերձդնեստրը, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իշխանությունները՝ անջատողականներ»: «Իսկ ահա Լեռնային Ղարաբաղի մասին բազմանշանակ դիվանագիտական լռություն է պահպանվում», - գրել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Կոսովոյի հարցը ՄԱԿ տեղափոխվելու հեռանկարը կարող է «սառը ջուր» լցնել այդ ամբիոնն օգտագործելու՝ Ադրբեջանի ներկա փորձերի վրա»։

Ռուս-վրացական սրված հարաբերությունների ենթատեքստում բարձրացված՝ «ո՞վ շահեց առաջին հերթին այս աղմուկից» հարցին «Ազգ» թերթի մեկնաբանը պատասխանել է. - «Երկու երկրների ղեկավարները. Սահակաշվիլին դրա շնորհիվ հաղթեց տեղական ընտրություններում, իսկ Պուտինի վարկանիշը բարձրացավ այն աստիճան, որ նույնիսկ արվեստի մարդիկ, որոնք մինչ այդ լռում էին նախագահական երրորդ ժամկետի կապակցությամբ, իրենց հոգու պարտքը համարեցին միանալ թախանձագին խնդրագրերի հեղինակներին: Ի դեպ, կրկին հավաստվեց այն փաստը, որ ռուսները կարոտ են ուժեղ ձեռքի»:

«Հայկական ժամանակ»-ն այսօր փոխանցել է, թե Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղյակ չէր, որ կիրակի օրը ձերբակալվել է իր ղեկավարած խորհրդարանի պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Ըստ թերթի, Տիգրան Թորոսյանը «անհասկացող» լրագրողներին բացատրել է, որ եթե պատգամավոր ձերբակալված լիներ, ապա ինքը այդ մասին տեղյակ կլիներ. - «Ինձ չեն հայտնել նման դեպքի մասին, որովհետեւ եթե պատգամավոր լիներ, ապա ինձ անպայման կտեղեկացնեին»։ Իսկ երբ թղթակիցը պնդել է, որ պատգամավորին, այնուամենայնիվ, ձերբակալել են, ԱԺ նախագահը այդպես էլ չի հավատացել։ Թղթակցին ոչ մի կերպ չի ցանկացել հավատալ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Ո՞նց կարող է նման բան լինի, եւ ֆրակցիան այդ մասին չիմանա», - «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, ասել է «ամեն ինչ» իմացող Գալուստ Սահակյանը։ Իսկ երբ թղթակցի ներկայությամբ զանգահարել է եւ համոզվել, որ իր կուսակիցը ձերբակալված է, անկեղծորեն զարմացել է։ «Եվ սա ընդամենը մի դրվագ է այն պատմությունից, թե ինչպես է կազմակերպված պետությունը վերածվում անարխիայի», եզրակացրել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG