Մատչելիության հղումներ

logo-print

Ջավախքում ընդդիմադիրները պահանջում են նոր ընտրություններ


«Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինք» հասարակական կազմակերպությունը երեկ զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ դիմել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն` Ախալքալաքի շրջանում հոկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունները չեղյալ հայտարարելու առաջարկով:

Ինչպես հաղորդում է Ա-Ինֆո գործակալությունը, ընդդիմադիր «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությանը միացած հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համոզված են, որ Ախալքալաքի շրջանում ընտրությունների արդյունքները կեղծվել են:

Մասնավորապես, համամասնական կարգով, ըստ «Միասնական Ջավախքի» ներկայացուցիչ Աղասի Սուրենյանի, «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության ձայները 70 տոկոսից իջեցվել են 30 տոկոսի:

Երկուշաբթի առավոտյան ընտրությունների արդյունքները վիճարկելու կապակցությամբ ընդհարում է տեղի ունեցել իշխանական «Միացյալ ազգային շարժում» կուսակցության եւ ընդդիմադիր «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության ներկայացուցիչների միջեւ: Մեկ մարդ հրազենից վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Ծեծի է ենթարկվել Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը:

Նույն օրը Ախալքալաք է ժամանել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ոստիկանության պետ Կախա Լեգաշվիլին: Վերջինս խնդիրը պարզելու եւ կրքերը հանդարտեցնելու համար առանձնազրույցի է հրավիրել տեղական իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG