Մատչելիության հղումներ

Հրանտ Դինք. «Ֆրանսիայի խորհրդարանի օրինագիծը վտանգում է ցանկացած բանավեճ թուրքերի եւ հայերի միջեւ»


Թուրք 6 մտավորականներ, որոնց նկատմամբ նախկինում դատական գործեր են հարուցվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանությունների համար, դատապարտել են Ֆրանսիայի խորհրդարանին ներկայացված՝ Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը, որը «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար անցյալ տարվա հոկտեմբերին կես տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել, իսկ ներկայումս կրկին դատական կարգով հետապնդվում է հայերի կոտորածները ցեղասպանություն անվանելու համար, օրինագիծը «անմիտ» է որակել:

«Նման օրենքը վտանգում է ցանկացած հնարավոր բանավեճ թուրքերի եւ հայերի միջեւ», - ասել է Դինքը: - «Թուրք եւ հայ ժողովուրդները երկխոսության, իրենց ընդհանուր պատմությունը քննարկելու կարիք ունեն»:

«Պատմություն գրելը պետությունների կամ քաղաքական գործիչների գործը չէ», - թուրքական «Ռադիկալ» թերթի փոխանցմամբ, հայտարարել է գրող Էլիֆ Շաֆաքը, որի նկատմամբ դատական գործ էր հարուցվել նույն մեղադրանքով եւ որին դատարանը օրերս արդարացրել է: - «Ֆրանսիայում տեղի ունեցողը ես համարում եմ բացասական զարգացում, որը դժվար կացության մեջ է դնում առաջադիմականներին եւ ժողովրդավարներին ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Թուրքիայում»:

Սոցիալիստների ներկայացրած օրինագիծը, որի քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսված է հոկտեմբերի 12-ին, մինչեւ 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է սահմանում Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հերքելու համար:

Օրինագիծը Թուրքիայի քաղաքական շրջանակների բուռն վրդովմունքն է հարուցել: Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է նախագիծը, իսկ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայտարարել են, թե օրինագիծը հաստատվելու դեպքում Ֆրանսիան դուրս կմնա Թուրքիայում իրականացվող տնտեսական մեծ նախագծերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG