Մատչելիության հղումներ

Ռոբերտ Սիմոնս. «ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան բանակցություններին»


Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը այսօր Բաքվում լրագրողներին ասել է, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին եւ հույս ունի, որ այն խաղաղ լուծում կստանա:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այսօր առավոտյան Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ, ապա հանդիպում է ունեցել այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Նա հայտնել էր, որ իր այցի նպատակն է՝ անվտանգության բնագավառում ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ կապերի ընդլայնումը, գործընկերության զարգացման հարցերի քննարկումը: Մասնավորապես, քննարկվելու են պաշտպանության եւ գիտության բնագավառներում կապերի ընդլայնման հարցեր:

Այցի շրջանակներում նախատեսված է նաեւ Սիմոնսի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ:

Վաղը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը եռօրյա այցով մեկնելու է Թբիլիսի, որտեղ մասնակցելու է «Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարները» խորագրով միջազգային խորհրդաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG