Մատչելիության հղումներ

logo-print

Բռնություն է կիրառվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամի նկատմամբ


Կիրակի օրը առավոտյան իր տան մոտ՝ Երեւանի Արաբկիր համայնքում, Կիեւյան փողոցում, բռնության է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Աբրահամյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, Սուրեն Աբրահամյանի վրա «հարձակվել են, տապալել գետնին, հարվածել են, ապա քաղաքացիների արձագանքից հետո բռնություն իրականացրած ստահակները փախել են»:

Աբրահամյանը ստացել է մարմնական վնասվածքներ, մասնավորապես՝ ճակատային, ոտքի մասերում, եւ, ըստ Սուրենյանցի, բուժզննման անհրաժեշտություն կա:

Սուրենյանցի խոսքերով, Աբրահամյանը հիշում է հարձակվողներից մեկին, որովհետեւ թիկունքից են հարվածել, սակայն եղել են ականատեսներ, որոնք խոսում են մի քանի հոգու, նույնիսկ՝ մեքենայի մասին:

Դեպքի մասին կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Սմբատ Այվազյանը տեղեկացրել է ոստիկանությանը:

«Սա մենք հաստատապես կապում ենք Սուրեն Աբրահամյանի վերջին շրջանում դրսեւորած շատ ակտիվ հակակրիմինալ գործունեության եւ հակակրիմինալ հայտարարությունների հետ եւ կարծում ենք, որ տեղի ունեցած բռնությունը օրենքից դուրս գործող իշխանության կրիմինալ տեռորի եւ բեսպրեդելի դրսեւորում է», - հայտարարեց Սուրեն Սուրենյանցը:

Գեներալ Սուրեն Աբրահամյանը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ է, Երեւանի նախկին քաղաքապետ, Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG