Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Պայմանավորվել ենք ամսվա վերջին կրկին հանդիպել Մամեդյարովի հետ»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որն այսօր Մոսկվայում բանակցել է իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կրկին հանդիպել հոկտեմբերի վերջին:

«Հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 24-25-ին Փարիզում», - ասաց Վարդան Օսկանյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք պայմանավորվածություն կա նաեւ նախագահների հանդիպման մասին, արտգործնախարարը պատասխանեց.- - «Ոչ, որովհետեւ բովանդակային որեւէ առաջընթաց չի եղել: Նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ, միայն եթե բովանդակային առումով տեղաշարժ լինի»:

Խոսելով այսօրվա հանդիպման մասին, Վարդան Օսկանյանը փաստեց. -«Օգտակար հանդիպում էր այն իմաստով, որ դեմ առ դեմ՝ համանախագահների ներկայությամբ, ընդհանուր գնահատական տրվեց վիճակին: Համանախագահների կողմից որոշ կարծիքներ են հնչել, որոնք կարելի է քննարկել»:

Նախարարը հայտնեց, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ռուս--վրացական հարաբերություններում ստեղծված լարվածությունը եւ դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա:

«Բավական հետաքրքիր երկխոսություն ծավալվեց», - եզրափակեց Վարդան Օսկանյանը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG