Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ի վերլուծաբանը, նկատի ունենալով ռուս-վրացական սաստկացող հակամարտությունը, շեշտադրել է. - «Ավելի քան ակնհայտ է դառնում, որ ստեղծված լարված կացությունը երկար է պահպանվելու՝ իր հետ բերելով նաեւ կիսաշրջափակված Հայաստանի լիակատար կղզիացման կամ, ավելի ճիշտ, նեղ միջանցքով դեպի Իրան բացվող «թերակղզու» վերածվելու հեռանկարը»։ «Այս հանգամանքը չի կարող չմտահոգել, սակայն չի կարող դառնալ նաեւ քաղաքական անհաշվենկատ քայլերի դրդապատճառ։ Ուստի ռուս-վրացական հարաբերությունների լարվածության պահպանման հեռանկարը ներկայումս ուղղակի պարտադրում է Հայաստանին՝ հնարավորինս արագացնել Իրանից եկող գազատարի շինարարության ավարտը։ Քանզի Հարավային Օսիայում հնարավոր ապակայունացման կամ բացահայտ ռազմական գործողությունների պարագայում չի բացառվում ռուսական գազատարի շարքից դուրս գալը», - եզրակացրել է վերլուծաբանը։

Իր հերթին նույն թեմային անդրադառնալով՝ «Ազգ»-ի վերլուծաբանն առանձնացրել է. -«Ռուսաստանում կարծես վրացի գողականների եւ ընդհանրապես Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ընդհանուր հետախուզում հայտարարված լինի: Առանց չափազանցության ամեն օր ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են Ռուսաստանի այս կամ այն քաղաքում հանցավոր խմբավորման, մեկ սպանություններ իրագործող, մեկ ուղղակի գողական աշխարհի «օրենքովների» ձերբակալությունների մասին»: «Թե ինչո՞ւ են ռուս իրավապահներն հենց այս պահին նման ակտիվություն եւ ջերմեռանդություն դրսեւորում էթնիկ վրացիների հանցագործ խմբեր բացահայտելու գործում, ակնհայտ է», - գրել է մեկնաբանն ու հեգնախառն եզրակացրել. - «Փաստորեն ռուսական իշխանությունները, ճիշտ վրացականի նման, ցանկության դեպքում կարող են լրտես էլ բռնել, գող էլ, միայն թե լավ կլինի դա անել ոչ հատուկ դիտավորությամբ եւ ոչ էլ սովորական քաղաքացիների հաշվին»։

«Ուժային կարգավորման օպերացիան սկսվում է» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն»-ը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի երրորդ անգամ առաջադրվելու ցանկությունը զուգահեռելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փորձին, առանձնացրել է. - «Արկադի Ղուկասյանն իր այս քայլով պարզապես խաչ է քաշում Ղարաբաղի անկախության 15 տարիների վրա։ Այսինքն, անում է ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրությունը վերջնականապես երես թեքի Ղարաբաղից եւ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ցանկացած գործողություն ընկալի որպես ոչ թե միջազգային նորմերի կոպտագույն խախտում, այլ որպես պայքար բռնապետական ռեժիմի դեմ»։

«Եթե առաջիկա օրերին Աջափնյակի թաղապետի չորս ապարանցի թեկնածուներից, որոնք չորսն էլ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ են, եւ ոչ մեկը չհանի իր թեկնածությունը, ապա ապարանյան կազմակերպված կլանը բաժանվելու է չորս մասի», - փոխանցել է այսօր «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն ու հասցեագրել. - «Այս ողջ պատմության մեջ միակ տրամաբանական բանն այն կլիներ, որ օգտվելով «Նիգ-Ապարանի» 4 կտորի բաժանվելուց` հայաստանյան ընդդիմությունը միանար մեկ կտորի մեջ եւ Աջափնյակում առաջադրեր սեփական թեկնածուն, որի հաղթելու շանսերը շատ ավելի մեծ կլինեին, քան առաջադրված թեկնածուներից յուրաքանչյուրինը»։ «Սակայն մեր ընդդիմությունը նման մանր բազարների մեջ չի մտնում։ Եվ ընդհանրապես, ՀՀ ընդդիմադիրները քչով բավարարվող են. հանրապետության տասնյակ հազարավոր պաշտոնների մեջ նրանց շատ բան պետք չէ, ընդամենը երեք պաշտոն՝ հանրապետության նախագահինը, ԱԺ նախագահինը եւ մեկ էլ վարչապետինը», - գրել է թերթի մեկնաբանը:

«Իրավունք»-ը գրել է, թե բազում ահազանգեր է ստացել «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) Արարատի մարզի կառույցներից, որ «նախարար Հովիկ Աբրահամյանի ամբողջ շրջապատը լայնամասշտաբ գրոհի է անցել ընդդեմ մարզի ՍԻՄ-ականների»։ Թերթի փոխանցմամբ, «գործի են դրվում եւ սպառնալիքները, եւ շանտաժը, եւ վարչական ճնշումները, եւ կաշառելու փորձերը»: Ու այդ ամենը, ինչպես համոզված է «Իրավունք»-ը, արվում է մեկ նպատակով. «Որպեսզի կուսակցականները հարկադրված լինեն լքել ՍԻՄ-ի շարքերը ու միանալ այն խառնակչական խմբակին, որը լծվել է ՍԻՄ-ի եւ «Իրավունք» թերթի դեմ ծավալված լայնամասշտաբ քարոզչական հարձակման գործին»։

«Դոլարի արժեզրկումը ՀՀ Կենտրոնական բանկը, ֆինանսների նախարարությունը եւ Ռոբերտ Քոչարյանը բացատրում են ամերիկյան արժույթի ավելցուկով եւ տնտեսության աննախադեպ աճով», - գրել է այսօր «Հայք» պարբերականն ու շեշտադրել. - «ՀՀ քաղաքացիներն իհարկե գիտեն, որ տնտեսության որեւէ աճ իրականում չկա, սակայն ոմանք կասկածում են, որ մեր երկրում իսկապես առկա է դոլարի ավելցուկ։ Իրականում սակայն, պատկերն ավելի տխուր է»: Թերթը տեղեկացրել է, որ «վերջին օրերին բոլոր նրանք, ովքեր փորձել են փոխանակման կետերից գնել 5-10 հազար դոլար՝ անհաջողության են մատնվել։ Չեյնջերի աշխատակիցները ցավով նշել են, որ իրենք այդքան մեծ քանակի դոլար չունեն»։ «Ակնհայտ է, որ Հայաստանում դոլարը «էլիտար» ապրանք է, որը մեծ քանակությամբ գնում են միայն «ընտրյալները», - բխեցրել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG