Մատչելիության հղումներ

logo-print

Լավրովը արդյունավետ է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումները


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ իր հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ արդյունավետ էին:

Ինչպես ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին ասել է Մոսկվայի դիվանագիտական աղբյուրը, Մոսկվան պատահաբար չէ ընտրված արտգործնախարարների հանդիպման վայր, «քանի որ Ռուսաստանը պատմականորեն կարեւոր դեր է խաղացել Անդրկովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործում»:

Այսօր Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը առանձնազրույց են ունենալու Ռուսաստանի արտգործնախարարության շենքում:

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարը դրական էր գնահատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը:

«Համանախագահները ջանում են ամեն ինչ անել, նրանք ունեն կոնկրետ ձեւակերպումներ դեռ չհամաձայնեցված հարցերի շուրջ», - ասել էր Սերգեյ Լավրովը՝ հավելելով. - «Հարցի կարգավորումը համանախագահներից չէ կախված, այլ կողմերից, թե ինչքանո՞վ են կողմերը պատրաստ ընդունել համանախագահների առաջարկները»:

Ռուսաստանի արտգործնախարարը հույս էր հայտնել, որ համանախագահների շարունակվող ջանքերը կօգնեն կողմերին՝ գտնել ելքը:

Չորեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, կարծիք էր հայտնել, թե ադրբեջանցի պաշտոնակցի հետ մոսկովյան հանդիպման արդյունավետությունը կախված կլինի Մինսկի խմբի համանախագահների նոր ձեւակերպումներից եւ փաստաթղթի շուրջ բանակցելու Ադրբեջանի պատրաստակամությունից:

Միաժամանակ, նա նշել էր, թե «չի կարծում, որ փաստաթղթում լուրջ փոփոխություններ կլինեն»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG