Մատչելիության հղումներ

Հոլանդիայի թուրքերը պատրաստվում են բոյկոտել ընտրությունները


Նիդերլանդների թուրքական համայնքը քննարկում է նոյեմբերին երկրում անցկացվելիք ընտրությունները բոյկոտելու հարցը՝ ի նշան թուրք թեկնածուներին ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի դեմ բողոքի:

DPA գործակալության հաղորդման համաձայն, թուրքերի շահերը պաշտպանող IOT կազմակերպության նախագահ Սաբրի Քենան Բաղչին հոլանդական Volkskrant օրաթերթին հայտարարել է. - «Նիդերլանդների 400 հազար թուրքերից շատերն իրենց այլեւս օտարված են համարում եւ երես են թեքում քաղաքականությունից»:

Բաղչին հայտնել է, թե այս հարցով կիրակի օրը Ուտրեխտում ժողով է հրավիրել, որին մասնակցելու են թուրք համայնքի առաջատար գործիչները:

Նոյեմբերի 22-ին անցկացվելիք ընտրություններում առաջադրված թուրք թեկնածուները ճնշման են ենթարկվում իրենց կուսակցությունների կողմից, որոնք պահանջում են հրապարակավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հոլանդական խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար իր ցուցակից հանել է երկու թուրք թեկնածուների անունները, իսկ հիմնական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը՝ մեկ թեկնածուի:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հոլանդիայում ապրում է թուրքական ծագում ունեցող 365 հազար մարդ: Երկրի բնակչության ընդհանուր թիվը 16,3 միլիոն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG