Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 7-֊ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի 2008 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Ֆինլանդիայի ընտրանուն:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը հրապարակել է այդ, ինչպես նաեւ հոկտեմբերի 11-ին կայանալիք Սերբիայի հետ հանդիպման համար ուսումնամարզական հավաքի հրավիրված ֆուտբոլիստների անունները:

Եվրո-2008-ի որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստան են հրավիրվել դարպասապահներ Գեւորգ Կասպարովը, Արմանդո Համբարձումյանը, Ֆելիքս Հակոբյանը, Էդել Ապուլա Էդիմա Բետեն, պաշտպաններ Կարեն Դոխոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Սարգիս Հովսեփյանը, Եղիշե Մելիքյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Վալերի Ալեքսանյանը, Խոսե Բիլիբիոն, Արմեն Տիգրանյանը, կիսապաշտպաններ Կարեն Ալեքսանյանը, Աղվան Մկրտչյանը, Լեւոն Պաչաջյանը, Արման Քարամյանը, Դավիթ Գրիգորյանը, Արթուր Մինասյանը, Սամվել Մելքոնյանը, հարձակվողներ Արմեն Շահգելդյանը, Արա Հակոբյանը, Արամ Հակոբյանը, Էդգար Մանուչարյանը, Նշան Էրզրումյանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, հավաքական են հրավիրվել նաեւ Արտավազդ Քարամյանը, Ռոմիկ Խաչատրյանը, Արտաշես Բաղդասարյանը, որոնք, ըստ վերջիններիս ակումբներից ստացված պաշտոնական գրությունների, վնասվածքներ ունեն եւ չեն կարող ժամանել Հայաստան:

Այս անգամ հավաքական չեն հրավիրվել Համլետ Մխիթարյանը, որը զրկված է խաղային պրակտիկայից, ինչպես նաեւ Գալուստ Պետրոսյանը: Իսկ «Արարատ» թիմի ավագ Արթուր Մինասյանն առաջին անգամ է հավաքական հրավիրվում:

Ֆինլանդիայի ազգային հավաքականը Հայաստան է ժամանել գրեթե ուժեղագույն կազմով: Հարցականի տակ է միայն Ալեքսեյ Երյոմենկոյի մասնակցությունը:

Հայաստանի հավաքականը եզրափակում է ընտրական փուլի «Ա» խմբի մրցաշարային աղյուսակը՝ անցկացրած մեկ խաղում 0:1 հաշվով զիջել է բելգիացիներին: Իսկ ֆինները գլխավորում են աղյուսակը: Անցկացրած 2 խաղում նրանք 4 միավոր են վաստակել՝ ոչ-ոքի են խաղացել պորտուգալացիների հետ եւ հաղթել լեհերին:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG