Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հայերի միությունը մտահոգված է ռուս-վրացական առճակատմամբ


Ռուսաստանի հայերի միությունը մտահոգված է ռուս-վրացական առճակատմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում հայտարարեց միության նախագահ Արա Աբրահամյանը:

Շրջափակման պատճառով տուժում են հայկական ընկերությունները, ընդհանրապես Հայաստանը, քանի որ այսօր Վրաստանով է անցնում միակ կապը մեծ աշխարհի հետ:

«Երեկ, այսօր մոտ 50-60 զանգ ենք ստացել, որ չեն կարողանում իրենց ապրանքը տեղափոխել, կանգնած են մեքենաները», - հայտնեց Արա Աբրահամյանը:

Նա մեղադրում է, նախ եւ առաջ, Հայաստանի իշխանություններին՝ լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ Հայաստանը նախօրոք չի բարձրացրել հարցը, թե ի՞նչ է լինելու Հայաստանի եւ հայկական ընկերությունների հետ, եթե Ռուսաստանը նման պատժամիջոցներ կիրառի:

Իսկ որ նման սցենարը հավանական էր, ըստ Արա Աբրահամյանի, բոլորի համար շատ պարզ էր. - «Հարաբերությունները վատանում են: Եթե շրջափակում է լինելու, այդ ժամանակ ի՞նչ պետք է անեն հայկական ընկերությունները, ի՞նչ պետք է անի Հայաստանը: Ինչպե՞ս պետք է այդ ապրանքներն ստանան, ինչպե՞ս պետք է կատարեն պայմանագրերը ռուսական եւ այլ ընկերությունների հետ»:

Ռուսաստանի հայերի միության նախագահի համոզմամբ, ռազմավարական գործընկեր Ռուսաստանի առջեւ վաղուց այս հարցերը պետք է դրվեին, եւ «բոլոր պատասխանները մենք պետք է արդեն ունենայինք»:

Արա Աբրահամյանը «միամիտ» համարեց հարցը, թե ի՞նչ կլինի, եթե Հայաստանը փոխի իր քաղաքականությունը եւ դադարի լինել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, ինչպե՞ս կվարվեն ռուսաստանյան իշխանությունները հայ գործարարների, հայկական ռեստորանների, խաղատների հետ:

«Հարցը այդպես չի կարելի տալ: Ռուսաստանն ունի իր շահերը այդ տարածաշրջանում: Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները լրիվ տարբերվում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից», - հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահը եւ հավելեց. - «Եթե ուշադիր հետեւել եք վերջին 10 տարվա ստորագրված պայմանագրերին, այդպիսի հնարավորություն բացառվում է, որովհետեւ Հայաստանն ունի կնքված պայմանագրեր, եւ դեռ տասնյակ տարիներ կան այդ պայմանագրերը իրականացնելու»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG