Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը 34 միլիարդ դոլար է հատկացրել սահմանների վերահսկողության խստացմանը


ԱՄՆ-ի սահմանների վերահսկողությունը ավելի խստացնելու նպատակով երկրի նախագահ Ջորջ Բուշը չորեքշաբթի օրը ստորագրել է մի նոր որոշում, որով հայրենիքի անվտանգության նախարարությունը կստանա մոտ 34 միլիարդ դոլար:

Այդ միջոցներով երկրի սահմանային անցակետերում կտեղադրվեն միջուկային սարքավորումներ որսացող սարքեր, կամրապնդվի քիմիական գործարաններում անվտանգության համակարգը, հավելյալ միջոցներ կձեռնարկվեն Ամերիկայի քաղաքները զանգվածային բնաջնջման զենքերից պաշտպանելու համար:

Ինչպես որոշումն ստորագրելուց առաջ հայտարարել է Բուշը, այս միջոցները նախատեսված են նաեւ երկրի առջեւ ծառացած մեկ այլ մեծ խնդիր լուծելու համար:

«Ես հասկանում եմ, թե որքան բարդություններ են առաջ բերում անօրինական ներգաղթողները դպրոցներում եւ հիվանդանոցներում՝ մեծապես վնասելով երկրի եւ նահանգային բյուջեները», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Միացյալ Նահանգների սահմանային վերահսկողության համակարգի բյուջեն անցած մի քանի տարիների ընթացքում 4,5 միլիարդ դոլարից հասել է 9,5 միլիարդի, ավելացել է սահմանապահների թիվը:

«Այսօր ավելի քիչ ժամանակ է պահանջվում անօրինական ներգաղթողներին հետ՝ իրենց երկրները ուղարկելու համար», - հայտարարել է Բուշը՝ դա համարելով հստակ ազդանշան այն բանի, որ «մենք օրինաց երկրում ենք ապրում»:

ԱՄՆ-ի նախագահը խոստացել է սահմանային ուժերի թվակազմը մինչեւ 2008 թվականը հասցնել 12 հազարի:

Հիմնականում Մեքսիկայի սահմանին տեղակայված այդ ուժերի նպատակն է «որսալ» սահմանն անօրինական կերպով անցնողներին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG