Մատչելիության հղումներ

Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ չվերթները իրականացվում են Վրաստանի օդային տարածքով


Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Վրաստան-Ռուսաստան օդային հաղորդակցության խզման հետ կապված խնդիրները Հայաստանին չեն առնչվում:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի մամուլի խոսնակ Գայանե Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ չվերթները Հայաստանը շարունակում է իրականացնել Վրաստանի օդային տարածքով:

«Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերության Հայաստանում ներկայացուցչի տեղակալ եւ կոմերցիոն տնօրեն Տիգրան Ներսեսյանցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ընկերությունը ցավում է, որ իր ուղեւորները հայտնվել են անհարմար վիճակում, եւ ամեն ինչ անում է նրանց հնարավորինս հարմարավետ ծառայություն մատուցելու համար:

Նրա խոսքերով, ավիաընկերության՝ աշխարհի բոլոր քաղաքների ներկայացուցչությունները հրահանգ են ստացել ապահովել ուղեւորների տեղափոխումը հարմար տարբերակով: Թբիլիսի-Մոսկվա կամ հակառակ ուղղությամբ բոլոր տոմսերը առանց բացառության փոխանակվում կամ վերադարձվում են ուղեւորներին: Նրանց, ովքեր ցանկություն ունեն Մոսկվա հասնել կամ վերադառնալ Թբիլիսի Երեւանով կամ մեկ այլ քաղաքով՝ այդ հնարավորությունը կընձեռվի հենց առաջիկա չվերթով: Տոմսերի վերադարձի կամ փոխանակման դեպքերում տուգանքներ չեն կիրառվելու, գումարային առումով ուղեւորները չեն տուժելու:

Նախկինում ամեն օր «Աէրոֆլոտ»-ը իրականացնում էր Երեւան-Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ երկու չվերթ` 131-տեղանոց Տու-154 ինքնաթիռով: Այժմ, պայմանավորված ֆորսմաժորային իրավիճակով, երկու չվերթներից մեկը իրականացվում է ավելի մեծ ինքնաթիռով` Իլ-86-ով, որն ունի 346 նստատեղ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG