Մատչելիության հղումներ

Ջավախահայերը վաղը կմասնակցեն տեղական ընտրություններին


Վաղը Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այսօրվանից արդեն քարոզարշավը դադարեցվել է:

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հայկ Մելտոնյանը պնդում է, որ Ջավախքի Ծալկայի շրջանի ընտրական հանձնաժողովի ներկայացրած ցուցակում կեղծվել են ընտրողների թիվը եւ ազգային կազմը, մասնավորապես, ընտրողների թիվը 13 հազար 638-ից արհեստականորեն հասցվել է 20 հազար 961-ի:

Սակրեբուլոյում առաջադրված՝ Ախալքալակի նախկին քաղաքապետ Նաիրի Իրիցյանի վստահված անձ Հովհաննես Ամիրբեկյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ընտրացուցակներում շատ են մահացածների անունները, կան մարդիկ, որոնք ռուսաստանյան գրանցում ունեն, լինում է նաեւ հակառակը, երբ տեղական գրանցում ունեցողների անունները ցուցակում չկան:

Նաիրի Իրիցյանը, որը սակրեբուլոյի անդամ ընտրվելու դեպքում հավակնում է դառնալ նաեւ սակրեբուլոյի նախագահ, հայտարարեց, որ ընտրություններում արդեն իսկ «արդարություն չկա»: Ընդ որում, նա ի նկատի ունի ոչ միայն ընտրացուցակները. - «Մենք այսօր պետական ամբողջ մեքենայի դեմ ենք աշխատում: Ամբողջ պետությունը, ուժային կառույցները, դպրոցների տնօրենները, հիվանդանոցների ղեկավարությունը իշխանություններին են օգնում»:

«Չէի ասի, թե մենք մեծ ընդդիմություն ենք այսօրվա օրով իշխանությանը: Բայց ընդդիմություն ենք այնքանով, որ իշխանական կուսակցության մեջ չենք», - ընդգծեց Իրիցյանը:

Նա հայտնեց, որ իր նկատմամբ ճնշումներ շատ են եղել, մասնավորապես, ոստիկանության ներկայացուցիչները «կանչել, վախեցրել են» իր նախընտրական հանդիպումների մասնակիցներին, հարկային մարմինները սպառնում են ստուգումներով, ընտրողներին ընտրակաշառք են բաժանում կամ խոստացել են:


Շաքե Ավոյան, Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG