Մատչելիության հղումներ

Բան Կի Մունը փոխարինելու է Քոֆի Անանին


2006 թվականի դեկտեմբերի 31-ին սպառվում է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պաշտոնավարման ժամկետը: Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Անանին այդ պաշտոնում փոխարինելու է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար, 62-ամյա Բան Կի Մունը: ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեային առաջարկում է գլխավոր քարտուղարի թեկնածու, որին ասամբլեան ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում կամ մերժում է:

Անվտանգության խորհուրդը որոշել է աշնանը լուծել ընտրության հարցը՝ ապագա քարտուղարին տալով մինչեւ տարեվերջ գործերին ծանոթանալու, հունի մեջ մտնելու հնարավորություն: Երեկ Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել ոչ պաշտոնական քվեարկություն, որի արդյունքների համաձայն, 15 անդամներից 14-ը, այդ թվում մշտական 5 անդամները միանշանակ հավանություն են տվել հարավկորեացի դիվանագետի թեկնածությանը:

Քվեարկությունից հետո ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Վանգ Գուանջյան ասել է, որ Անվտանգության խորհուրդը Բան Կի Մունին է առաջադրելու Գլխավոր ասամբլեային:

Հոկտեմբերի 9-ին տեղի կունենա արդեն պաշտոնական քվեարկությունը, որի արդյունքն արդեն կասկած չի հարուցում: Դա է հաստատել նաեւ ՄԱԿ-ում Ճապոնիայի դեսպան Կենզո 0շիման, որը հոկտեմբերին նախագահում է Անվտանգության խորհրդում: «Այս արդյունքը վկայում է, որ մնացել է սոսկ ֆորմալ քվեարկությունը», - ասել է 0շիման:

Վերջին ոչ պաշտոնական քվեարկությանը նախորդող քննարկումներում դեռ խոսել են այլ թեկնածուների մասին, որոնց թվում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ հնդիկ դիվանագետ Շաշի Թարուրը, Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգան, սակայն երեկ պարզ դարձավ, որ ՄԱԿ-ում մեծամասնությունը հակված է նախապատվությունը տալ հարավկորեացուն:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բոլթոնն ասել է, որ Վաշինգթոնում նախարար Բան Կի Մունին լավ գիտեն, նրան համարում են արհեստավարժ մասնագետ եւ արժանի անձնավորություն:

Բան Կի Մունը 1970 թվականին ավարտել է Սեուլի Ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, 1985-ին՝ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի անվան կառավարման դպրոցը:

«Ես բարեփոխելու եմ ՄԱԿ-ը, հարկ է փոխել քարտուղարության աշխատանքը, ՄԱԿ-ի ներսում վերականգնել վստահության մթնոլորտը», - ասել է հարավկորեացին: Դիվանագիտական շրջանակներում նրան համարում են հմուտ բանակցող եւ փոխզիջումների վարպետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG