Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական լարված հարաբերությունների հետեւանքով բարդ վիճակում են հայտնվել հայաստանցի գործարարները


Ռուսաստանի տրանսպորտի նախարարի այն հայտարարությունից հետո, թե երեքշաբթի օրվանից Վրաստանի հետ դադարեցվում են օդային, ծովային, երկաթուղային, ավտոմոբիլային բոլոր կապերը, հայաստանցի գործարարները բավական բարդ վիճակում հայտնվեցին:

Նրանց բեռները, որոնք Հայաստանից Վրաստան են տեղափոխվել եւ այնտեղից էլ պետք է առաքվեին Ռուսաստան, անորոշ ժամանակով սահմանին են մնացել:

«Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Բաղդասարյանը, որը ոչ միայն արտահանող է, այլեւ գարեջրի եւ հյութերի համար անհրաժեշտ հումքի ներմուծող, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ռուս-վրացական լարված հարաբերությունների պատճառով իր արտադրությունը կարող է մեծ վնասներ կրել:

Նա իշխանությունների ուշադրությունը հրավիրեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող այդ ճանապարհի բացման հարցը լուծելու անհրաժեշտության վրա:

Կոնյակ արտադրող «Գրեյթ Վելլի» ընկերությունը նույնպես ոչ միայն արտահանմամբ, այլեւ ներմուծմամբ է զբաղվում: Ըստ ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի, իրենց բեռները եւս Վրաստանում են մնացել, եւ չկա մեկը, ով կարողանա գոնե մոտավոր ժամկետ նշել, թե երբ դրանք նորից կկարողանան տեղափոխել:

«Ընկերությունն այլես նոր ճանապարհներ է փնտրում, քանի որ այս իրավիճակը կարող է երկար ձգվել», - ասաց Արզաքանցյանը:

Միաժամանակ, նոր ճանապարհը գնային տարբերություն է թելադրելու թե արտահանման եւ թե ներմուծման հանար, եւ, փաստորեն, թանկացումներն անխուսափելի են:

Սակայն արտահանող հայկական ընկերություններից ոչ բոլորն են հայտնվել այս վիճակում:

Բեռնափոխադրումների «Ապավեն» ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե իր ղեկավարած ընկերությունը, օրինակ, Երեւանի կոնյակի գործարանի բեռնափոխադրումներն է իրականացնում, եւ այսօր վրացական կողմից Ռուսաստան մուտք ունեցել են:

«ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանի հավաստմամբ, իրենց բեռները եւս Ռուսաստանի սահմանում այսօր խոչընդոտների չեն հանդիպել: Այնուհանդերձ, նա եւս մտավախություն ուներ, որ յուրաքանչյուր օր կարող են արգելել բեռնափոխադրման այդ ուղուց օգտվել:

Սակայն, ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանի, պաշտոնական Երեւանը դեռ մտադրություն չունի արձագանքել ստեղծված իրավիճակին եւ ռուսական կողմի հետ քննարկել հարցը:

«Իմ տեղեկություններով, բոլոր բեռները Վրաստանից անխափան հասնում են Ռուսաստան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վլադիմիր Կարապետյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG