Մատչելիության հղումներ

logo-print

«Մեղավոր չենք, որ Հայաստանում չենք ծնվել». սփյուռքահայ երիտասարդները դժգոհ են հայաստանցիներից


Սփյուռքահայ երիտասարդները, որոնք Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության «Տխրունի» ուսանողական միության հրավերով հավաքվել էին բարձրաձայնելու իրենց խնդիրները, վկայում էին, որ տեղացիների հետ ինտեգրվելու հատկապես մեծ խնդիր ունեն տղաները. նրանցից շատերը շրջապատի ճնշմամբ հաճախ ստիպված են լինում կտրել մազերը, փոխել սանրվածքը, հագուստը, որպեսզի ծաղրուծանակի չենթարկվեն:

«Ականջօղով տղա են տեսնում, ծաղրում են, բայց դա այդ մարդու իմիջն է, նա իրեն ականջօղով է լավ զգում, պետք է հասկանանք դա », - նշեց Ս.Դ.Հ.Կ. «Տխրունի» հասարակական կազմակերպության փոխատենապետ Սահակ Մանուկյանը, - «Թեեւ իրենք են մեր հասարակության մեջ, պետք է նաեւ իրենք կարողանան ընդունել մեր արժեքները: Այստեղ պետք է «ոսկե միջինը» լինի»:

Սկսած հենց ինստիտուտից, պետականորեն որոշված է՝ սփյուռքահայը պետք է ուսման համար վճարի այնքան, որքան հնդիկը, արաբը, պարսիկը, թուրքը եւ մյուս ազգերի ներկայացուցիչները: Ոչ մի տարբերություն նաեւ տեղացի ուսանողների վերաբերմունքում. երբեմն նույնիսկ հայ երիտասարդներին էլ ՝«պարսիկ», «արաբ» են բնորոշում:

«Ինձ իմ ինստիտուտում շատ են ծաղրում իմ խոսելու համար. ես ակցենտ ունեմ, ի՞նչ անեմ ,ես այդպես եմ սովորել», - վկայեց Գեղարվեստի ակադեմիայի ուսանողուհի Անին ,- « Մարդ կա, որ նույնիսկ չգիտի, թե սփյուռքը ինչ է, երբեմն ինձ հարցնում են՝ հայերեն գիտե՞ս, գրել գիտե՞ս»:

«Տխրունի» ուսանողական միության երիտասարդները վկայում են, որ սփյուռքահայ երիտասարդների ինտեգրման խնդիրը լրիվ անտեսված է Հայաստանի պետական եւ հասարակական կառույցների կողմից, ինչը եւս հիասթափության է հանգեցնում:

«Պետք է սփյուռքի գաղթօջախներում ստեղծվեն հատուկ կառույցներ, որոնք զբաղվեն հայրենիքի դժվարությունների նկատմամբ «իմունիտետ» սերմանելով, այլ ոչ թե ամեն ինչ ներկայացվի «վարդագույն» եւ երիտասարդը, գալով այստեղ, խորը հիասթափություն ապրի», - համոզված է «Երիտասարդ դեմոկրատների լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Գրիգորյանը:

Սփյուռքահայ երիտասարդներին չնչին հույս էր ներշնչել Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովում հնչած՝ Սփյուռքի նախարարություն ստեղծելու առաջարկը: Սակայն նրանց այս լավատեսությանը թերահավատորեն արձագանքեցին տեղացի հասակակիցները, վկայակոչելով, որ Հայաստանում տարբեր ոլորտներ ունեն իրենց նախարարությունները, ինչն ամենեւին չի խանգարում, որ այդ ոլորտներում «խայտառակ» վիճակ տիրի:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG