Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Կհամաձայնեցվեն արտգործնախարարների եւ նախագահների նոր հանդիպումների վայրը եւ ժամկետները»


ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի համանախագահների Երեւան եւ Ստեփանակերտ կատարելիք այցերից հետո կհայտարարվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման վայրի եւ ժամանակի մասին, որը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս: Դրանից հետո նախատեսվում է նաեւ երկու երկրների նախագահների հանդիպում անցկացնել: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

«Կայանալիք բանակցությունների ժամանակ կողմերին կառաջարկվի մի փաստաթղթի քննարկում, որը նախագահներին առաջարկվել էր Ռամբույեում, հետո մշակված, խմբագրված ներկայացվել էր Բուխարեստում եւ հիմա փոփոխություններով կներկայացվի հաջորդ հանդիպմանը»,֊ - ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն անհիմն է համարել հայկական կողմի հայտարարությունները, թե անհրաժեշտ է, որ Ղարաբաղը եւս միանա բանակցություններին:

«Բանակցություններն անցնում են ներկայիս ձեւաչափով, եւ դրա փոփոխության մասին խոսք լինել չի կարող», - հայտարարել է Ֆասիեն:

Ֆրանսիացի համանախագահը նաեւ հերքել է այն պնդումները, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները հեռանկար չունեն՝ ասելով. - «Մեր կառավարություններն այնքան հարուստ չեն, որ զուր տեղը գումարներ տրամադրեն մեր այցելություններին»:

Ֆասիեն հատուկ ընդգծել է, թե եւ Փարիզում, եւ Մոսկվայում, եւ Վաշինգտոնում այն կարծիքին են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհ չունի:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG