Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը եւ Եվրամիությունը ավելի սերտորեն կհամագործակցեն


Եվրամիության նախագահող երկրի՝ Ֆինլանդիայի արտգործնախարարը, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը եւ Հայաստանի արտգործնախարարը երեկ ստորագրեցին համատեղ հայտարարություն, որը նախանշում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի վերաբերյալ խորհրդակցությունների հաջող ավարտը:

Բուն փաստաթուղթը կստորագրվի նոյեմբերի 14-ին՝ Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական նիստի ընթացքում:

Հայտարարության տեքստում, որ ընթերցեց Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկիի Տուոմիոյան, ասված է, որ ծրագիրը ներառելու է զգալի չափով տնտեսական ինտեգրում եւ քաղաքական համագործակցության խորացում:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը շեշտեց 5 տարի տեւողությամբ ծրագրի կարեւորությունը՝ թե տնտեսական, անվտանգության եւ այլ հարցերում ինտեգրացիոն գործընթացների եւ թե տարածաշրջանային համագործակցության առումով. - «Եւ նաեւ, որ կարեւոր է, այն պատասխանատվություն է դնում մեզ վրա՝ հասնելու [ղարաբաղյան] կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը»:

Ծրագիրը, ըստ Վարդան Օսկանյանի, ուղեցույց է լինելու հաջորդ 5 տարիների ընթացքում, հասարակությունը ավելի ժողովրդավարական, պետությունը՝ ավելի կայուն, եւ ինտիտուտները՝ ավելի կայացած դարձնելու առումով:

«Գործողությունների ծրագիրը, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, մեկ անգամ եւս հաստատում է Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության եվրոպական հիմնարար արժեքներին: Մենք խրախուսում ենք, որ Հայաստանը շարունակի իր ընտրած այս ուղին», - հայտարարեց Ֆինլանդիայի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ գալիք ընտրությունները կարեւոր քայլ կլինեն այդ ուղղությամբ:

«Դրանց հետեւելու է Եվրամիությունը եւ միջազգային հանրությունը, եւ ես հույս ունեմ, որ դրանք կհաստատեն Հայաստանի ուղղվածությունը դեպի ժողովրդավարություն», - ասաց Էրկիի Տուոմիոյան:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող են լինել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար, եթե գալիք ընտրությունները չհամապատասխանեն միջազգային չափանիշներին, Էրկիի Տուոմիոյան պատասխանեց. - «Կարծում եմ, որ Հայաստանը ինքը գիտակցում է, որ մենք բոլորս պետք է կատարենք մեր պարտավորությունները, եւ եթե լինեն թերություններ, ապա դրանք կնկատվեն, եւ հետեւանքներ կլինեն: Բայց սա մեր օրակարգում չէ, մեր օրակարգում Հայաստանին բոլոր հնարավոր միջոցներով օգնելն է, որպեսզի նման բան տեղի չունենա»:

«Իսկապես, մենք գիտակցում ենք, որ հետեւանքներ կլինեն, որովհետեւ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները մաս են կազմում այս ծրագրի: Հուսով ենք, որ ընտրությունները կանցնեն այնպես, որ այս ծրագիրը չի վնասվի», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

«Եթե այս ծրագիրը հաջողությամբ իրագործվի, մենք բաց կլինենք Հայաստանի հետ հարաբերությունների ապագա զարգացումների համար», - պատասխանելով հետագա զարգացումների մասին հարցին՝ հայտարարեց Ֆինլանդիայի արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարին, ապա, ըստ Վարդան Օսկանյանի, «մենք այսօր անդամակցության պատրաստ լինելուց այնքան ենք հեռու, որ հիմա դրա մասին խոսելն անիմաստ է»:

Ֆինլանդիայի արտգործնախարարի խոսքերով, Եվրամիությունը հույս ունի ավարտել բանակցությունները Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ միաժամանակ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG