Մատչելիության հղումներ

Եվրոպական համալսարանի ռեկտոր Սերգեյ Բիչախչյանը հրաժարական տվեց


Եվրոպական համալսարանի ռեկտոր Սերգեյ Բիչախչյանն այսօր հրաժարական տվեց:

Այս տարի բուհ ընդունվածները բողոքի գործողություններ են ձեռնարկել այն բանից հետո, երբ կառավարությունը ամռանը, քննությունների հենց նախօրեին անսպասելիորեն որոշում ընդունեց խիստ սահմանափակել զինծառայությունից տարկետում ստացողների տեղերը:

«Իմ խիղճը հանգիստ է, որ ինչ կարող էի, իմ ուսանողների համար արեցի»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սերգեյ Բիչախչյանը,- «Կա մի շահ, որը պետք է բարձր դասել ամենից, տվյալ դեպքում՝ դա իմ ուսանողների շահն էր: Եթե ինչ-որ մեկն էլ ուզում էր ինձ ներքաշել քաղաքական ինտրիգների մեջ, չարաչար սխալվում էր, ես այդ մարդը չեմ»:

Վերջին օրերին նա տեղեկություններ էր ստացել, որ կառավարության եւ նախարարության պաշտոնյաները փորձում են առաջինկուրսեցիների ծնողների բողոքների ողջ մեղքը բարդել իր վրա, հիմնավորելով, որ ռեկտորը ժամանակին տեղյակ չի պահել ուսանողներին կառավարության որոշման մասին: Այն մասին, որ 250 ընդունված երիտասարդներից ընդամենը 30֊-ն են բանակից ազատվելու, շատերն իմացել են սեպտեմբերի 1-ից հետո միայն:

Բիչախչյանին նաեւ մեղադրում են, որ նա այս տարի 120 տղա ավելի է ընդունել բուհ: Նախորդ տարիների 130-ի փոխարեն այս տարի առաջին կուրսի տղաների թիվը 250 է:

Սերգեյ Բիչախչյանը սա համարում է ընդամենը իրեն «քավության նոխազ» դարձնելու եւ կառավարության ու նախարարության մեղքերը կոծկելու փորձ, հիմնավորելով, որ ընդունելության տեղերը սահմանափակող որեւէ գրավոր հրաման կամ որոշում չկա, ուստի բուհը միշտ էլ իրավասու է անսահմանափակ թվով ուսանողներ ընդունել:

Իսկ առաջին կուրսի տղաների ծնողները, որոնք այսօր հավաքվել էին կրթության եւ գիտության նախարարությունում՝ պարզաբանումներ ստանալու նախարարից, այսօրվա իրավիճակի համար մեղադրում էին միայն իշխանություններին՝ կառավարության ուշացած որոշման եւ իրենց մեկամսյա բողոքներին ընթացք չտալու համար:

Նախարար Լեւոն Մկրտչյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց.֊ - «Ռեկտորին մեղադրելու հիմքեր, իրոք, կան: Մենք իր հետ տարկետման իրավունքով տեղերը կրճատելու մասին մայիսից բանավոր մի քանի անգամ զրուցել ենք, իսկ նա 130-ի փոխարեն 250 տղա ուսանող է ընդունել»:

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց.- ֊«Այդ հարցը քննարկվում է կառավարությունում, այսօր նախագահի մոտ խորհրդակցություն տեղի ունեցավ: Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ակադեմիայում կարգուկանոն հաստատելու համար, որոշակի թերություններ կան: Ես վստահ եմ, որ ուսանողները չեն տուժի: Համենայնդեպս, այնպես կանենք, որ չտուժեն»:

Այնուամենայնիվ, վարչապետը առաջին կուրսի ուսանողներին «օդում խոստումներ տալ» չցանկացավ:

Իրինա Հովհաննիսյան, Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG