Մատչելիության հղումներ

Աջափնյակի թաղապետի պաշտոնի համար երկու հայտ է ներկայացվել, երրորդը սպասվում է


Աջափնյակի թաղապետ ընտրվելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին առայժմ երկու հայտարարագիր է ներկայացվել՝ անկուսակցական Նորիկ Գալստյանի, ով Աջափնյակի համայնքապետի տեղակալն է եղել մինչեւ վերջերս, եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ Իշխան Արշակյանի կողմից: Վերջինս Մանուկ Գասպարյանի ղեկավարած կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավարն է:

Հոկտեմբերի 29֊-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 4-֊ն է:

«Նիգ-֊Ապարան» հայրենակցական միության անդամները պնդում են, որ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը չի առաջադրելու իր թեկնածությունը:

Նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանը, նրա հոր՝ խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, կառաջադրվի միայն այն դեպքում, եթե առաջադրվի Արծրուն Խաչատրյանը:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը, ում նույնպես նշում են հավանական թեկնածուների թվում, ներկայումս զբաղեցնում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: Այսօր նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե վերջնականապես իր առաջադրման հարցը կորոշվի վաղը, սակայն թաղապետ դառնալու ցանկություն Ռուբեն Հովսեփյանն ունի, քանի որ «ժողովուրդն է այդպես ուզում»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG