Մատչելիության հղումներ

logo-print

Նապոլեոնի մազափունջը՝ Հայաստանում


«Նապոլեոնի մազերը կտրել եմ անձամբ 1821 թվականի մայիսի 5-ին սբ. Հեղինե կղզում՝ մահվանից 6 ժամ անց»,- գրել է լվացարարուհի տիկին Նովերրասը, ում հաջողվել է Նապոլեոնի մահից հետո կտրել նրա ճակատին ընկնող մի մազափունջ եւ փաթաթել այն թղթով:

Նապոլեոնի մազափնջից, առաջին կտակի պատճենից եւ Բոնապարտի մասին տարբեր գրքերից բացի Հայաստանում է նաեւ Լուվրից բերված Անտուան Գրոյի «Բոնապարտը Արկոլի կամրջի վրա» կտավը:

«Ես կարծում եմ, որ բոլոր հայերը սիրում են Նապոլեոնին, չեմ կարող ասել, թե ինչո՞ւ, գուցե Բոնապարտը նրանց հիշեցնում է Տիգրան Մեծի կայսրությու՞նը»,- Ֆրանսիայից բերված նմուշների ընտրությունը բացատրում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին:

Ֆրանսիայից բերվել են նաեւ ֆրանսիացի Ժորժ Բրակի գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքները եւ 4 քանդակները: Իսկ «Ֆրանսիան լույսերի մեջ» եւ «Նպատակակետը Փարիզ» լուսանկարչական 2 ցուցահանդեսներով պատկերասրահի ցուցասրահներում ուրվագծվում է ժամանակակից Ֆրանսիան:

Այս ցուցահանդեսներին զուգահեռ Ազգային պատկերասրահն իր պահոցներից առանձնացրել է ֆրանսահայ 4 արվեստագետների՝ Էդգար Շահինի, Հակոբ Գյուրջյանի, Գառզուի եւ Ժանսեմի աշխատանքները:

Պատկերասրահում միաժամանակ բացված 4 ցուցահանդեսներով սկսվում են Ֆրանսիայի օրերը Հայաստանում: Առաջիկա 2 ամիսներին հայ հանդիսատեսին սպասում է ֆրանսիական նորաձեւության ցուցադրություն, ֆրանսիական ֆիլմերի փառատոն, ցուցահանդեսներ, ֆրանսիական պիեսների բեմադրություններ, գիտաժողովներ ու համաժողովներ:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG