Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Քաղաքական իրավիճակն աշխատում է Ադրբեջանի օգտին»


Իլհամ Ալիեւը վստահություն է հայտնել, թե «քաղաքական իրավիճակն աշխատում է Ադրբեջանի օգտին»:

Ելույթ ունենալով այսօր Ադրբեջանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը, Ալիեւն ասել է. - ֊«Հետագայում էլ Ադրբեջանի քաղաքականությունը պետք է ակտիվ լինի: Մենք կանցնենք տեղեկատվական, տնտեսական գրոհի: Շարունակվում է ռազմական պոտենցիալի ուժեղացումը»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, նա հայտարարել է, թե «Ադրբեջանի ռազմական բյուջեն պետք է հավասար լինի Հայաստանի ամբողջ բյուջեին», եւ վստահեցրել է. - «Մյուս տարի մենք դրան կհասնենք»:

Միաժամանակ, ըստ Ալիեւի, ռազմական պոտենցիալի ամրապնդումը չի նշանակում «հարցի ավտոմատ լուծում ռազմական ճանապարհով՝ դա վերջին միջոցն է»:

«Մեր քաղաքականությունը պետք է ագրեսիվ լինի: Մենք պետք է նախահարձակ լինենք: Երբ Ադրբեջանը մի քանի անգամ ուժեղ կլինի Հայաստանից, գուցե առհասարակ հակամարտության ռազմական լուծման անհրաժեշտություն չլինի»,- կանխատեսել է Ալիեւը:

«Մենք մտադիր ենք շարունակել բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում», - հայտարարել է Ալիեւը: - «Սակայն գտնում ենք, որ միջազգային այլ կազմակերպությունների մասնակցությունը կարող է նպաստել այդ հարցի լուծմանը»:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում: Երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի», - ասել է Ադրբեջանի նախագահը եւ հավելել. - «Դրա սահմաններից դուրս ես ոչ մի համաձայնություն չեմ տեսնում: Գրավյալ տարածքները պետք է ազատագրվեն, փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը: Ղարաբաղի հայ բնակչությանը կարող է ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG