Մատչելիության հղումներ

Մտավորականների ֆորումի մասնակիցները սուր քննադատության են ենթարկել Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը


Հայաստանի մտավորականների 10֊-րդ ֆորումի մասնակիցներն այսօր սուր քննադատության ենթարկեցին թե' իշխանություններին, թե' ընդդիմությանը:«Արմենիա-֊Մարիոթ» հյուրանոցում կայացած հավաքին մասնակցում էր մոտ 100 մտավորական:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն են իշխանություններին քրեականացնողները, ինչի զոհը այսօր դարձել է մեր ժողովուրդը: Իսկ ստեղծված անմխիթար վիճակի հիմքերը պետք է փնտրել կեղծված ընտրություններում, որոնց շնորհիվ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը», - կարծում են հավաքի մասնակիցները:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ակադեկիկոս Ռաֆայել Ղազարյանը «քրեականացված» անվանեց տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին: Նրա կարծիքով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «եւս հասցրել է բավականաչափ քրեականանալ». - «Ես համարում եմ, որ մեր գլխավոր դատախազը՝ Աղվան Հովսեփյանը եւս չի համապատասխանում իր տեղին, որովհետեւ նրա ղեկավարած համակարգը կաթվածահար է, չի կատարում իր պարտավորությունները, մեզ մոտ չկա արդար դատ»:

Ռաֆայել Ղազարյանի հետ համակարծիք էր նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը ընդդիմադիր կուսակցությունների եզակի առաջնորդներից էր, որոնք մասնակցում էին ֆորումին:

Մտավորականների հավաքի մասնակիցները համոզված են, որ ստեղծված վիճակում առաջիկա ընտրությունները «գնալու են նույն կեղծիքների սցենարով»:

Նրանք հիասթափություն հայտնեցին նաեւ ընդդիմության կեցվածքից:

«Ինձ հիասթափեցրեց ընդդիմության վարքագիծն անցյալ աշնանը. ես չտեսա նրանց մեջ կամք եւ անձնականից վեր կանգնելու պատրաստակամություն, որ միավորվեն ու ստեղծեն կուռ ընդդիմադիր մարմին: Գուցե այդ դեպքում կհաջողվեր ազատվել քրեականացված հանցաթիմից»,֊ - ասաց Ռաֆայել Ղազարյանը:

Մտավորականների ֆորումը մտադիր է միանալ հակակրիմինալ շարժմանը եւ պայքարել երեկ շարժմանը միացած 14 կուսակցությունների հետ համատեղ:

Ֆորումը հանդես եկավ «ժողովրդին եւ բոլոր առողջ ուժերին» ուղղված բաց նամակով` կոչ անելով «պատերազմ հայտարարել այս ռեժիմին, եւ հանցագործ դավաճանների կողմից բռնազավթված իշխանությունը վերադարձնել ժողովրդին»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG