Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի զինծառայողներին Վրաստանում մեղադրանք է առաջադրվել


Վրաստանի ներքին գործերի նախարարությունը այսօր հայտարարել է, որ ռուսաստանցի 4 զինծառայողներին, որոնք երկու օր առաջ ձերբակալվել են լրտեսության կասկածով, արդեն մեղադրանք է ներկայացվել:

Միաժամանակ ազատ է արձակվել Բաթումիի ռազմակայանի պայմանագրային ծառայողներից մեկը, որը նույնպես ձերբակալվել էր սեպտեմբերի 27-֊ին:

Այսօր դատարանը պետք է որոշում կայացնի ռուս զինծառայողներին երկու ամսով նախնական կալանքի տակ պահելու հարցով:

Միաժամանակ այսօր Թբիլիսիի է ժամանել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով Մոսկվա կտեղափոխվեն մոտ 100 ռուսաստանցիներ, այդ թվում նաեւ Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Կովալենկոն այսօր կոչ է արել Վրաստանի իշխանություններին ազատ արձակել ռուսաստանցի զինծառայողներին եւ ներողություն խնդրել նրանցից:

Միաժամանակ, Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Իվան Վոլինկինը հայտարարել է, թե ռուսական կողմը մտադիր չէ Վրաստանին հանձնել սպա Կոնստանտին Պիչուգինին:

«Պիչուգինին հանձնելու մասին խոսք չկա», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է Վոլինկինը:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին հայտարարել էր, թե Անդրկովկասում ռուսական զորքերի շտաբի շրջափակումը չի դադարեցվելու, քանի դեռ ռուսական կողմը չի հանձնել Պիչուգինին, որին եւս վրացական իշխանությունները կասկածում են լրտեսության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG