Մատչելիության հղումներ

logo-print

«Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց


Այսօր Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում կայացած արարողության ընթացքում նախարար Վարդան Խաչատրյանն ու Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռասինը փոխանակել են աղքատության հաղթահարմանն ուղղված 235 միլիոն դոլարի ծրագրի մեկնարկը նշանավորող նամակները:


«Հազարամյակի մարտահրավեր» հնգամյա ծրագիրը նպատակ ունի կրճատել գյուղական աղքատությունը` գյուղատնտեսության ոլորտում տնտեսական ցուցանիշների կայուն ու տեւական աճի ապահովման միջոցով:

Հայաստանը նախատեսում է դա իրագործել գյուղական ճանապարհներում, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումներ կատարելու, ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, ֆերմերներին ու ագրոբիզնեսին աջակցելու միջոցով:

Ինչպես ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից տրամադրված հաղորդագրությունում, ծրագիրը շոշափելի արդյունքներ կապահովի շուրջ 750 հազար հոգու կամ գյուղական բնակչության 75 տոկոսի համար:

Ծրագրի առանձին բաղադրիչներով նախատեսվում է 67 միլիոն դոլար հատկացնել շուրջ 943 կիլոմետր գյուղական ճանապարհների վերականգնմանը, ինչը կազմում է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի ավելի քան մեկ երրորդը:

Ծրագիրը ներառում է նաեւ 146 միլիոն դոլարի առանձին բաղադրիչ, որի նպատակն է բարձրացնել մոտ 250 հազար ֆերմերային տնտեսությունների (որոնց 34 տոկոսը գլխավորում են կանայք) արտադրողականությունը` բարելավելով ջրամատակարարումը, բերքատվությունը, խթանելով բարձրարժեք բերքի մշակումը եւ մեծացնելով գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունը:

Հազարամյակի մարտահրավերների կորպորացիան ԱՄՆ-ի պետական գերատեսչություն է, որն աշխատում է աշխարհի ամենաաղքատ երկրների հետ` հիմնվելով այն սկզբունքի վրա, որ օժանդակությունն առավել արդյունավետ է, երբ տնտեսական աճի խթանումն ու ծայրահեղ աղքատության վերացումը իրականացվում է լավ կառավարման, տնտեսական ազատությունների ու մարդկային կապիտալի ոլորտում ներդրումների ամրապնդման ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG