Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քաղաքական ընդդիմադիրներին ուղղված` օտարերկրյա գործակալ լինելու մեղադրանքը (որը մեր իշխանությունը վերջին անգամ հնչեցրել է «իր» մտավորականների հայտարարության միջոցով) նոր չէ եւ չափազանց ընդունված է համաշխարհային պրակտիկայում», - գրված է «Առավոտ»-ի խմբագրականում:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Լուրերը, թե իշխանական վերնախավում քաղաքական որոշում է կայացվել, որ Աջափնյակի թաղապետի ընտրություններում իրենց թեկնածությունը չեն առաջադրելու ո'չ Արծրուն Խաչատրյանը եւ ո'չ էլ Արման Սահակյանը, հաստատվում են»:

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հայաստանյան այցին ընդառաջ «Հայկական ժամանակի» վերլուծաբանը գնահատել է. - «Ֆրանսիան, որը հանդիսանում է Արեւմուտքում Հայաստանի թերեւս ամենամեծ հովանավորը, դժվար թե քաղաքական հետաքրքրություններ ունենա այդ այցից, ինչը, իհարկե, չի կարելի ասել Հայաստանի մասին։ Հայաստանի համար հատկապես վերջին շրջանում միջազգային ասպարեզում ունեցած որոշ անհաջողություններից հետո Ժակ Շիրակի այցը թե’ քաղաքական եւ թե’ բարոյական իմաստով լուրջ աջակցություն կարող է լինել: Հայաստան այցելելով Ժակ Շիրակը ընդամենը ժամանակավորապես է խախտում Ֆրանսիայի հարաբերությունների բալանսը հօգուտ Հայաստանի, քանի որ մի քանի ամսից Ֆրանսիայի նախագահը այցելելու է նաեւ Ադրբեջան»։

Իր հերթին «Իրավունք»-ի խմբագրականը, կարեւորելով Ֆրանսիայի նախագահի այցը, շեշտադրել է. - «Ինչպես պատվիրակության առավել ներկայացուցչական կազմը, այնպես էլ հանդիպումների խտացված ժամանակացույցը հուշում են, որ այցը առավել քան կարեւոր է, եւ դրա ընթացքում հող է նախապատրաստվելու շատ ու շատ հարցերի հանգուցալուծման համար»։

Փաստելով, որ Թուրքիայի հետ հարաբերություններում «Հայոց ցեղասպանության հարցի արծարծումը Եվրամիության մարտավարական խաղի բաղադրատարր է»` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր ուրվագծել է. - «Եվրախորհրդարանը չի հրաժարվում Հայոց ցեղասպանության ճանաչման իր պահանջից, բայց առաջնորդվում է այնպիսի մարտավարությամբ, որը թույլ կտա Թուրքիային պահել բանակցային գործընթացով պայմանավորված՝ «եվրոպական մոնիտորինգի» մամլիչի տակ։ Իսկ նման դիրքորոշումը պահանջում է նախապես չառաջադրել այնպիսի նախապայմաններ, որոնք տվյալ հանգրվանում Թուրքիան չի կարող «մարսել»։ Փաստորեն, Եվրախորհրդարանի որոշումը դարձել է երկու հակադիր մոտեցումների այն «ոսկե միջինը», որը թույլ է տալիս եվրոպական ընտանիքին Թուրքիային չթողնել իր դարպասներից ներս, բայց միաժամանակ իրենից շատ հեռու չքշել», - ընդգծել է մեկնաբանը։

«Քաղաքական ընդդիմադիրներին ուղղված` օտարերկրյա գործակալ լինելու մեղադրանքը նոր չէ եւ չափազանց ընդունված է համաշխարհային պրակտիկայում», - գրել «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն ու առանձնացրել. - «Եթե լուրջ խոսենք, ապա միակ երկիրը, որի հետ մենք լուրջ խնդիրներ ունենք, Ադրբեջանն է: Մեզ հետ փաստացի պատերազմի մեջ գտնվելով՝ այդ երկիրը, բնականաբար, շահագրգռված է Հայաստանի անվտանգության համակարգի մասին տեղեկություններ կորզելու: Եվ այն հայաստանցին, որն այդ տեղեկությունները կհաղորդի հակառակորդին, նա իսկապես թշնամի է եւ հանցագործ: Մնացած բոլոր խոսակցությունները գործակալների եւ լրտեսների մասին զուտ քաղաքական քարոզչության նշանակություն ունեն: Ցանկացած, նույնիսկ ամենասուր, քննադատություն իշխանության հասցեին պետության հիմքերը չի խարխլում»:

Անդրադառնալով «հակակրիմինալ» նախաձեռնության կամ ընդդիմադիր գործիչների՝ արտերկիր հնարավոր այցին առնչվող հայտարարություններին` «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանն այսօր հակադարձել է. - «Ի՞նչ պիտի անեն սույն գործիչները արտերկրում։ Ամենաշատը պիտի փորձեն դուր գալ այս կամ այն խոշոր քաղաքական տեխնոլոգին։ Բայց չէ՞ որ ընդդիմադիրները չհասցրին մի կարգին դուր գալ հայրենի բողոքական ընտրազանգվածին, դեռ մի բան էլ հիասթափեցրին, էլ ուր մնաց արտասահմանի տեխնոլոգը»:

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով, «քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովը («Յապոնչիկ») օրեր առաջ Հայաստանում էր երկու հարց լուծելու համար։ Նախ, ըստ որոշ լուրերի, Սոչիի մոտ վթարի ենթարկված «Արմավիայի» Ա-320 ինքնաթիռում եղել է Հայաստանում հավաքված «օբշչակի» գումարը, որը տեղափոխում էին այդ չարաբաստիկ ինքնաթիռում գտնվող մի քանի հեղինակություններ։ Թերթի փոխանցմամբ, «Յապոնչիկը» այս հարցի լուծման համար դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ Հաջորդ հարցը, որի համար Հայաստան էր եկել «Յապոնչիկը», ըստ թերթի, «արդեն անձնական բնույթի է եղել եւ ինչ որ տեղ նրա պատվի հարց»։ «Խոսքը վերաբերվում է Մուշեղ Ազատյանի սպանությանը, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Երեւանում՝ «Ավիատրանս» հյուրանոցի մոտ։ Մուշեղ Ազատյանը «Յապոնչիկի» ոչ միայն մտերիմ ընկերն էր, այլ նաեւ քավոր-սանիկային կապեր ունեին», - գրել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG