Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը` տիկնոջ հետ:

Ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, Ժակ Շիրակի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին, տրանսպորտի, զբոսաշրջության եւ ծովագնացության, մշակույթի եւ հաղորդակցության նախարարները, ինչպես նաեւ գործարարներ, գիտության, կրթության, մշակույթի եւ մարզական ոլորտի ներկայացուցիչներ, ֆրանսահայ համայնքի անդամներ, լրագրողներ:

Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Զվարթնոց» օդանավակայանում: Նախագահական նստավայրում կկայանա Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը, որից հետո նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հայաստանում գտնվելու օրերին Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, կհյուրընկալվի արեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Երեւանում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Ֆրանսիական հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը:

Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը Հանրապետության հրապարակում ներկա կգտնվեն «Շառլ Ազնավուրը եւ նրա ընկերները» բացօթյա համերգին: Այս միջոցառումներով կմեկնարկի Ֆրանսիայում Հայաստանի ազգային տարին, որը կրում է «Հայաստան, իմ բարեկամ» խորագիրը:

Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 1-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG