Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի դիվանագետը հերքում է Վրաստանի ներքին գործերի նախարարի հայտարարությունը


Հայաստանում Ռուսաստանի դեսպանության բարձրաստիճան ներկայացուցիչը երեկ կտրականապես հերքեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու հայտարարությունը, թե լրտեսության եւ սադրիչ գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալված խմբի գործունեությունը Երեւանից համակարգել է Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության սպա Անատոլի Սինիցինը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության դեսպանորդ-խորհրդական Անատոլի Գրոմիկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, թե դա «մեծագույն սադրանք է»:

«Ինձ համար շատ դժվար է մեկնաբանել վրացական պատանի քաղաքական գործիչների երեւակայությունը: Նույն հաջողությամբ կարելի էր ասել, որ ղեկավարվել է Սեուլից, ինչու չէ` Վելինգտոնից», - հեգնեց Գրոմիկոն` արդեն ավելի լուրջ հավելելով, թե ծանոթ չէ Վրաստանի ներքին գործերի նախարարի հայտարարությանը:

Իգոր Գրոմիկոյի փոխանցմամբ, ռուսական կողմը պատրաստվում է Վրաստանից պահանջել վերադարձնել ձերբակալված զինծառայողներին, քանի որ նրանք, ռուս-վրացական պայմանավորվածության համաձայն, զբաղված են եղել Վրաստանից ռուսական զորքի դուրսբերման կազմակերպման աշխատանքներով:

Դիվանագետի բնորոշմամբ, սա առաջին դեպքը չէ. նախկինում եւս եղել են նման մեղադրանքներ, եւ, ինչպես նախկինում, այժմ էլ չկան կոնկրետ փաստեր, չեն առաջադրվել կոնկրետ մեղադրանքներ:

«Վրացական կողմը, ընդ որում, ամենաբարձր մակարդակով ամեն անգամ ազդանշաններ է ուղարկում ռուսական իշխանություններին, թե պատրաստ է կառուցողական համագործակցության, եւ դրանց գրեթե անմիջապես հետեւում են այնպիսի սադրիչ գործողություններ, որոնք ստիպում են մեզ մտահոգվել, արդյո՞ք անկեղծ են Վրաստանի ներկայացուցիչները», - ասաց դիվանագետը:

Վրաստանում կատարվածի առնչությամբ որեւէ մեկնաբանությունից զերծ մնաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը` վաղ համարելով ենթադրությունները. - «Ձերբակալված հայերը Վրաստանի քաղաքացիներ են: Կարծում եմ, վրացական իշխանությունները կզբաղվեն դրանով: Ինձ թվում է, որ այդ հարցին կոնկրետ կպատասխանենք, երբ վերջնականապես կհասկանանք, թե ինչ է կատարվել: Դեպքը եղել է Վրաստանում, նրանք ունեն իրենց օրենքները»:

Հարցին, թե արդյո՞ք նման հայտարարությունների ենթատեքստում չկա վրացական կողմի միտումը ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա հարցին, Իգոր Գրոմիկոյի պատասխանը միանշանակ էր. - «Անկասկած, Վրաստանում կան մարդիկ, որոնց ձեռնտու է փչացնել ռուս-հայկական հարաբերությունները, սակայն դա չի ստացվի»:

«Այսինքն` ոչ-ոքի չի հաջողվի սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Վստահ եղեք դրանում», - ռուս դիվանագետի խոսքը լրացրեց Միքայել Հարությունյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG