Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի դիվանագետը հերքում է Վրաստանի ներքին գործերի նախարարի հայտարարությունը


Հայաստանում Ռուսաստանի դեսպանության բարձրաստիճան ներկայացուցիչը այսօր կտրականապես հերքեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու` երեկ արած հայտարարությունը, թե լրտեսության եւ սադրիչ գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալված խմբի գործունեությունը Երեւանից համակարգել է Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության սպա Անատոլի Սինիցինը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության դեսպանորդ-խորհրդական Անատոլի Գրոմիկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, թե դա «մեծագույն սադրանք է»:

«Ինձ համար շատ դժվար է մեկնաբանել վրացական պատանի քաղաքական գործիչների երեւակայությունը: Նույն հաջողությամբ կարելի էր ասել, որ ղեկավարվել է Սեուլից, ինչու չէ` Վելինգտոնից», - հեգնեց Գրոմիկոն` արդեն ավելի լուրջ հավելելով, թե ծանոթ չէ Վրաստանի ներքին գործերի նախարարի հայտարարությանը:

Իգոր Գրոմիկոյի փոխանցմամբ, ռուսական կողմը պատրաստվում է Վրաստանից պահանջել վերադարձնել ձերբակալված զինծառայողներին, քանի որ նրանք, ռուս-վրացական պայմանավորվածության համաձայն, զբաղված են եղել Վրաստանից ռուսական զորքի դուրսբերման կազմակերպման աշխատանքներով:

Դիվանագետի բնորոշմամբ, սա առաջին դեպքը չէ. նախկինում եւս եղել են նման մեղադրանքներ, եւ, ինչպես նախկինում, այժմ էլ չկան կոնկրետ փաստեր, չեն առաջադրվել կոնկրետ մեղադրանքներ:

«Վրացական կողմը, ընդ որում, ամենաբարձր մակարդակով ամեն անգամ ազդանշաններ է ուղարկում ռուսական իշխանություններին, թե պատրաստ է կառուցողական համագործակցության, եւ դրանց գրեթե անմիջապես հետեւում են այնպիսի սադրիչ գործողություններ, որոնք ստիպում են մեզ մտահոգվել, արդյո՞ք անկեղծ են Վրաստանի ներկայացուցիչները», - ասաց դիվանագետը:

Վրաստանում կատարվածի առնչությամբ որեւէ մեկնաբանությունից զերծ մնաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը` վաղ համարելով ենթադրությունները. - «Ձերբակալված հայերը Վրաստանի քաղաքացիներ են: Կարծում եմ, վրացական իշխանությունները կզբաղվեն դրանով: Ինձ թվում է, որ այդ հարցին կոնկրետ կպատասխանենք, երբ վերջնականապես կհասկանանք, թե ինչ է կատարվել: Դեպքը եղել է Վրաստանում, նրանք ունեն իրենց օրենքները»:

Հարցին, թե արդյո՞ք նման հայտարարությունների ենթատեքստում չկա վրացական կողմի միտումը ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա հարցին, Իգոր Գրոմիկոյի պատասխանը միանշանակ էր. - «Անկասկած, Վրաստանում կան մարդիկ, որոնց ձեռնտու է փչացնել ռուս-հայկական հարաբերությունները, սակայն դա չի ստացվի»:

«Այսինքն` ոչ-ոքի չի հաջողվի սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Վստահ եղեք դրանում», - ռուս դիվանագետի խոսքը լրացրեց Միքայել Հարությունյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG