Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք թոշակառուն տուգանվել է վարչապետին քննադատելու համար


Անկարայի քաղաքային դատարանը տուգանել է թուրք թոշակառու Ֆերթի Դորդունչուին` Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանի մատյանում ներկայիս վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հասցեին քննադատական գրություն թողնելու համար:

«Ռոյթերզ»-ի փոխանցում է, որ Ֆերթի Դորդունչուն, դատարանի որոշմամբ, պիտի վճարի 10 հազար լիրա տուգանք (մոտ 6 հազար 700 դոլար):

80-ամյա թոշակառուն պատժվել է հետեւյալ գրության համար. - «Էրդողանը դավաճան է, քանզի քայքայում է Քեմալ Աթաթուրքի ստեղծած հանրապետության աշխարհիկ հիմքը եւ փորձում է Թուրքիան դարձնել իսլամական կրոնապետություն»:

Վարչապետի փաստաբանները դատարանում ավելի մեծ տուգանք էին պահանջել՝ 20 հազար լիրա: Ինքը վարչապետն այցելելով թանգարան, ընթերցել է մատյանը եւ տեսնելով Դորդունչուի թողած գրությունը՝ խիստ վիրավորվել է: Նա պատռել է էջը եւ հատուցում է պահանջել զրպարտության ու բարոյական վնասի համար:

Էրդողանը նյարդային է արձագանքում, երբ իրեն փորձում են մեղադրել իսլամի գաղափարներ քարոզելու մեջ: Նա մի քանի անգամ դատական պատասխանատվության է կանչել այն լրագրողներին, մեկնաբաններին եւ նույնիսկ ծաղրանկարների հեղինակներին, որոնք համարձակվել են իր անունը կապել իսլամի հետ: Եվրոպական կառույցները քննադատել են Էրդողանի այդ քայլերը` ասելով, որ վարչապետը փորձում է սահմանափակել ազատ խոսքի իրավունքը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG