Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Հայաստանը եւ Ղարաբաղը դաշնություն կկազմեն»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ալ Ջազիրա» արաբական հեռուստակայանին տված հարցազրույցում կանխատեսել է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը դաշնություն կկազմեն:

«Կարծում եմ, որ ապագայում երկու երկրների՝ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հարաբերությունները կզարգանան եւ նրանք դաշնություն կկազմեն: Գալիք սերունդները կորոշեն, թե ինչ կարգի հարաբերություններ են ունենալու երկու երկրները»,֊ - ասել է նախագահը:

Խոսելով Ղարաբաղը շրջապատող տարածքների մասին` Ռոբերտ Քոչարյանն ասել է.֊ - «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցելու տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանների շուրջ՝ բացի Ղարաբաղը Հայաստանին միացնող Լաչինի նեղ միջանցքից: Եթե Ադրբեջանը, իրոք, մտահոգված է իր փախստականների խնդրով եւ Ադրբեջանի վարչական սահմանից դուրս գտնվող տարածքների վիճակով, նա կարող էր վաղուց վերականգնել դրանք` եթե Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված համաձայնագիր ստորագրեր Մինսկում»:

Հարցին, թե Հայաստանը ի՞նչ է պահանջում Թուրքիայից՝ կոտորածների ճանաչում եւ ապաշխարո՞ւմ, թե՞ փոխհատուցում դրանց զոհերի հարազատների համար, Հայաստանի նախագահը պատասխանել է. - ֊ «Փոխհատուցում կարող են պահանջել նրանք, ովքեր տուժել են այդ կոտորածների հետեւանքով: Կարծում եմ, որ աշխարհով մեկ սփռված հայերից շատերը օրինական իրավունք ունեն փոխհատուցում պահանջելու: Հայաստանի Հանրապետությունը եւս շատ պահանջներ ունի: Պետք է դիվանագիտական հարաբերություններ լինեն հարեւան Թուրքիայի հետ: Պետք է բնականոն բարիդրացիական հարաբերություններ լինեն, այլ ոչ թե շրջափակում, որը Թուրքիան իրականացնում է Հայաստանին կաթվածահար անելու համար: Բացի այդ, Թուրքիան նաեւ իր դիրքորոշումն ունի Լեռնային Ղարաբաղի հարցում: Թուրքիան օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը եւ մշտական ռազմակայաններ ունի այնտեղ, մինչդեռ պահանջում է Հայաստանից որոշակի քայլեր Ղարաբաղի հարցում: Թուրքերը պայման են դնում, որ հայկական ուժերը դուրս բերվեն Ղարաբաղից, ինչից հետո կարող է բացվել հայ֊-թուրքական սահմանը: Այս պայմանը Հայաստանի համար անընդունելի է: Հույները կարող են նույնն անել եւ հրաժարվել Թուրքիայի հետ առեւտուր անելուց, քանի դեռ չի լուծվել Հյուսիսային Կիպրոսի հարցը»:

Խոսելով Իրանի մասին` Ռոբերտ Քոչարյանը նշել է. - «Իրանի եւ Արեւմուտքի միջեւ ցանկացած խնդիր անպայմանորեն բացասական ազդեցություն կունենա Հայաստանի եւ Իրանի համատեղ ծրագրերի վրա»:

«Իրանի միջուկային ծրագիրը շատ նուրբ հարց է Իրանի եւ Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-֊ի փոխհարաբերություններում: Մենք հույս ունենք եւ հավատում ենք, որ կգտնվի այս խնդրի դիվանագիտական լուծումը: Մենք նաեւ համոզված ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած տեսակի պատժամիջոցների կիրառումը արդյունավետ չի լինի, Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն աղետալի կլինի ողջ տարածաշրջանի համար»,֊ - եզրափակել է Հայաստանի նախագահը:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստակայանով հեռարձակվել է սեպտեմբերի 17-֊ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG