Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը չդարձրեց նախապայման Թուրքիայի անդամակցության համար


Եվրախորհրդարանը երեկ ընդունել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, սակայն դրանից հանվել է դրույթը, որով Հայոց ցեղասպանության ճանաչումը համարվելու էր Եվրամիությանը այդ երկրի անդամակցության նախապայման:

Փոխարենը, ինչպես հաղորդում է «Ռոյթերզ»-֊ը, զեկույցի ընդունված տարբերակում կա Թուրքիային ուղղված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ. - «Խորհրդարանը վերահաստատում է իր կոչը Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես հորդորում են Եվրախորհրդարանի նախորդ բանաձեւերը»:

Անցած տարվա սեպտեմբերին ընդունված բանաձեւում, մինչդեռ, ցեղասպանության ճանաչումը համարվում էր նախապայման. - «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ գտնում է, որ այդ ճանաչումը պետք է լինի նախապայման՝ Եվրոպական միությանը անդամակցելու համար»:

Մինչդեռ Եվրահանձնաժողովի հանձնակատար Լուի Միշելը, երեկ խոսելով Եվրամիության գործադիր մարմնի անունից, զգուշացրել է Եվրախորհրդարանի պատգամավորներին, որ ցեղասպանության ճանաչումը նախապայման դարձնելը կլինի «խաղի ընթացքում խաղի կանոնների փոփոխություն»:

Ընդունված զեկույցը, որը պարտադիր ուժ չունի, խիստ քննադատական է եւ մեղադրում է Անկարային Եվրամիությանը տված խոստումները չկատարելու մեջ:

«Եվրախորհրդարանը ափսոսանք է հայտնում, որ բարեփոխումների գործընթացը դանդաղել է», - ասված է զեկույցում:

Եվրախորհրդարանը ընդգծում է, որ Թուրքիան անդամակցության գործընթացի մեկնարկից ի վեր անցած 11 ամիսներին «անբավարար առաջընթաց» է արձանագրել խոսքի ազատության, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների, կանանց իրավունքների եւ օրենքի գերակայությունն ապահովելու բնագավառներում:

Եվրամիության անդամ դառնալու համար ցանկացած երկիր պետք է ստանա Եվրախորհրդարանի հավանությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG