Մատչելիության հղումներ

logo-print

Դինքը կրկին մեղադրվում է «թուրքական ինքնությունը» վիրավորելու մեջ


Ստամբուլի Շիշլիի հանրային դատախազը «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին եւ թերթի խմբագրակազմի երկու անդամների, այդ թվում՝ Դինքի որդուն, «թուրքական ինքնությունը» վիրավորելու մեղադրանք է ներկայացրել՝ պահանջելով նրանց դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրականի, Դինքը «Ակոս»-ի համարներից մեկում հրապարակել է այս տարվա հուլիսի 21-ին օտարերկրյա լրատվական գործակալություններից մեկին արած հայտարարությունը:

«Ես դա սահմանում եմ որպես ցեղասպանություն, քանի որ արդյունքն ինքն է սահմանում այդ իրադարձությունները եւ անվանում դրանք», - հայտարարել էր, մասնավորապես, «Ակոս»-ի խմբագիրը: - «Մենք այժմ կարող ենք տեսնել, որ մի ազգ, որն ապրել է այս հողերի վրա 4 հազար տարի, այդ իրադարձություններից հետո հայտնվել է վերանալու շեմին»:

Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» թերթը, Հրանտ Դինքին եւ «Ակոս»-ի երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը բազմիցս քննադատվել է եվրոպական կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

Շիշլիի դատարանը անցյալ տարվա հոկտեմբերին Հրանտ Դինքին նույն մեղադրանքով դատապարտել էր կես տարվա պայմանական ազատազրկման:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, մեկնաբանելով իրեն ներկայացվող մեղադրանքը, Հրանտ Դինքը ասաց, որ առայժմ պաշտոնապես որեւէ փաստաթուղթ չի ստացել:

Նա նշեց, որ «Ռոյթերզ»-ի հետ իր հարցազրույցը հրապարակել են նաեւ «շատ ու շատ այլ թերթեր, սակայն մեղադրանքը ներկայացվում է միայն «Ակոս» թերթի արտոնատերերին»:

Հարցին, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ դատավարությունը նույնպիսի ընթացք ունենա, ինչպես եղավ նույն մեղադրանքով Փամուկի եւ Շաֆակի դեմ հարուցված գործերի դեպքում, Դինքը պատասխանեց, թե «հույս ունի», սակայն «հաշվի է առնում նաեւ իրողությունները». - «Շատերի պարագայում պարզապես փակվեց գործը, իսկ Հրանտ Դինքը 6-ամսյա ազատազրկման վճիռ ստացավ»:

Նա հերքեց, թե կարող է արտագաղթել Թուրքիայից. - «Եղելությունը ցեղապսանություն որակելու համար ազատազրկվելն անարգանք չէ ինձ համար, այլ պատիվ»:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG