Մատչելիության հղումներ

Ընդդիմության ներկայացուցիչը «քրեական տարր» է որակում կառավարության առանցքային նախարարներից մեկին


Ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք վերջին ամսվա ընթացքում մի քանի անգամ հավաքվել էին` ձեւավորելու «հակակրիմինալ շարժում», երկուշաբթի օրը կայացած հերթական հավաքում վերջապես անուն հնչեցրեցին:

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Գառնիկ Մարգարյանը հայտարարեց. - «50-ից ավելի Արտաշատի շրջանում նախկին խորհրդային տարիների օբյեկտներ... այսօր տնօրինում է Հովիկ Աբրահամյանը»:

Մարգարյանի թվարկմամբ, դրանք են` «10-ից ավելի գործարաններ, 5-ից ավելի ավտոձեռնարկություններ, 10-ից ավելի գինու կոմբինատներ»:

Հավաքի մասնակից քաղաքական ուժերից առանձին բանաձեւերի նախագծեր էին պատրաստել «Ազգային միաբանություն»-ն ու ՀԺԿ-ն (Հայաստանի ժողովրդական կուսակցությունը)` համատեղ, ՀԴԿ-ն (Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը), «Ազգային ինքնորոշում» միավորումը, այլ քաղաքական ուժեր` հիմնականում նույն ձեւակերպումներով` «իշխանությունը զավթած քրեածին տարրերի եւ քաղաքական դաշտի բացահայտ քրեականացման», «Հայաստանը միջազգային կրիմինալի հենակետ վերածելու» վերաբերյալ:

Որոշվեց երկու օրվա ընթացքում ի մի բերել բոլոր նախագծերը եւ ստորագրել համատեղ հայտարարություն:

Անցած շաբաթ մի խումբ մտավորականներ նամակ էին ստորագրել, որով դատապարտում էին Մտավորականների ֆորումի հայտարարությունները, թե Հայաստանը վերածվել է «միջազգային կրիմինալի հենակետի»: «Մտավորականների ֆորում կոչվող անհասկանալի կազմակերպությունը իրեն իրավունք է վերապահում հանդես գալ արտաքին եւ ներքին խնդիրների շուրջ քաղաքական հայտարարություններով», - ասված է այդ նամակում: - «Ֆորումականների հայտարարությունը այլ կերպ, քան մեր երկրի պետականությունը խարխլելու փորձ, մեկնաբանել հնարավոր չէ»:

Մտավորականների ֆորումի անդամներին նամակի հեղինակները մեղադրում են «օտարերկրյա գործակալների կողմից ֆինանսավորվող ուժերին ծառայելու մեջ»:

Այսօրվա հավաքի մասնակիցները նամակը գնահատեցին որպես «37 թվականի ոճ»: Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը այդ նամակի նախաձեռնող համարում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

Ըստ հրապարակված տեղեկությունների, նամակի հիմնական նախաձեռնողներից մեկը հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն է, որը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց դա` ասելով թե որոշումն ընդունել են համատեղ. - «Հավաքվել ենք «Տրիումֆ» սրճարանում` Երնջակյան Արայիկը, ես, Արա Գեւորգյանը, Արմեն Հովհաննիսյանը»:

Անդրադառնալով պնդումներին, թե իրենց նամակի ձեւակերպումները 37 թվականի ստալինյան ոճ են հիշեցնում` Տեր-Գուլանյանը, նկատի ունենալով Հայաստանը «միջազգային կրիմինալի հենակետի»-ի վերածելու մասին պնդումները, ասաց. - «Եթե այդպիսի ձեւակերպում է արվում, գնահատական է տրվում սեփական պետությանը, սեփական հայրենիքին, ուրեմն կարելի է մտածել, որ այդ մարդիկ դրսից են ֆինանսավորվում»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG