Մատչելիության հղումներ

Ռուսաստանում քայլեր են ձեռնարկվում «ազգամիջյան հողի վրա հանցագործությունների դեմ պայքարը» ուժեղացնելու ուղղությամբ


Ռուսաստանի Գլխավոր դատախազ Յուրի Չայկայի պնդմամբ, երկրի իրավապահ մարմինները կոնկրետ քայլեր են ձեռնարկում հայերի եւ այլ ոչ սլավոնական ազգությունների ներկայացուցիչների նկատմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարն ուժեղացնելու ու դրանք կանխելու ուղղությամբ:

Ուրբաթ օրը Երեւանում, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Չայկան նախ ասաց, որ հանցագործներն ընդհանրապես ազգություն չեն հարցնում հանցանք կատարելիս, իսկ Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայերի նկատմամբ հանցագործություններ, սպանություններ կամ սպանության փորձեր, իրոք, կատարվում են հենց այն պատճառով, որ տուժողները ոչ սլավոնական ազգության են պատկանում:

Նրա խոսքերով, միայն վերջին մեկ տարվա ընթացքում, այսինքն` 2005 թվականի կեսերից առ այսօր, Ռուսաստանի գլխավոր դատախազության հսկողության տակ հինգ քրեական գործ է եղել. ազգամիջյան թշնամանքի հիմքով կատարված հինգ հանցագործություն է քննվել:

Նովոսիբիրսկ, Օրյոլ, Եկատերինբուրգ քաղաքներում կատարված հանցագործությունները հենց այդպես էլ որակվել են` «ազգային թշնամանք հրահրող»: Ռուսաստանի գլխավոր դատախազի հավաստմամբ, հանցագործները բացահայտվել ու դատապարտվել են:

Յուրի Չայկան ավելացրեց նաեւ, որ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունում բոլորովին վերջերս հատուկ վարչություն է ստեղծվել, որը վերահսկելու է «դաշնային անվտանգությանը եւ միջազգային հարաբերություններին վերաբերող օրենքների կիրառումը»:

Այս տարվա հունիսին, հիշեցնենք, Երեւանում անցկացված` Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազությունների համատեղ կոլեգիայի նիստից հետո Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը մամլո ասուլիսում հայտարարեց, թե «կեղծիք են եւ իրականությանը չեն համապատասխանում մամուլում տեղ գտած հրապարակումները, թե Ռուսաստանում ռասիզմի եւ անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծվել»:

Ռուսաստանցի փաստաբան Սիմոն Ծատուրյանը, որը մի շարք գործերով պաշտպանում է հայազգի տուժողների շահերը, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ վերջին շրջանում որոշակի փոփոխություն նկատվում է ազգային թշնամանքի պատճառով կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

«Դատախազության նոր ղեկավարության օրոք այդ հարցում զգալի տարբերություն եմ զգում եւ զգալի արդյունք», - ասաց Ծատուրյանը` նշելով մի քանի քրեական գործ, որոնց քննության արդյունքում բացահայտվել են հանցագործները: - «Ասենք, Վիգեն Աբրահամյանցի սպանության գործը բացահայտված է»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG