Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին ՄԱԿ-ում փաստարկներ կներկայացնի Ռուսաստանի խաղաղարար առաքելության դեմ


Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում ելույթ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Ակնկալվում է, որ նա իր խոսքում հիմնականում կանդրադառնա Վրաստանի տարածքում սառեցված հակամարտություններին եւ փաստարկներ կներկայացնի Ռուսաստանի խաղաղարար առաքելության դեմ:

«Ռուսաստանը խաղաղարար առաքելություն իրականացնելու փոխարեն օգտագործում է այս հակամարտությունները ի շահ սեփական քաղաքական նպատակների», - Նյու Յորքում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին: - «Եթե այս ոլորտում փոփոխություն տեղի չունենա, ապա բախումն անխուսափելի է»:

«Ցավոք, Ռուսաստանը մեզ համար այլեւս չի կարող լինել միջնորդ խաղաղ բանակցություններում»,- երեկ ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին այս կապակցությամբ ասաց Վրաստանի Եվրոպայի եւ եվրատլանտյան ինտեգրացիայի հարցերով նախարար Գեորգի Բարամիձեն: - «Ռուսաստանը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակչության 90 տոկոսին տվել է իր երկրի քաղաքացիություն, օգնում է տնտեսապես, քաղաքականապես, ռազմական աջակցություն է ցուցաբերում: Ռուսաստանի զորքերը, այսպիսով, այդ տարածքներում ոչ թե խաղաղարար, այլ քաղաքական առաքելություն են իրականացնում»:

Այդուամենայնիվ, ըստ Գեորգի Բարամիձեի, Վրաստանի իշխանությունները նպատակ չեն հետապնդում Ռուսաստանին ընդհանրապես դուրս թողնել բանակցային գործընթացից:

«Մենք ուղղակի չենք ուզում, որ Ռուսաստանն այստեղ գերիշխող դիրք ունենա»,- հայտարարեց նախարարը: - «Մենք ուզում ենք, որ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը բանակցային գործընթացում ունենան Ռուսաստանին հավասար դերակատարություն: Մենք նաեւ խնդրում ենք դուրս բերել Վրաստանի տարածքից ռուսական, այսպես կոչված, խաղաղապահ զորքերը»:



Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG