Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների տեղեկություններով, նախագահ Քոչարյանը իշխանության վերնախավի ներկայացուցիչներին խորհուրդ է տվել քաղաքական պայքար մղել 2008-ի նախագահական ընտրություններում իշխանության թեկնածու դառնալու համար: «Փաստորեն, Քոչարյանը չի պատրաստվում իշխանությունը հանձնել Սերժ Սարգսյանին, այլ նրան առաջարկում է մյուսների հետ հավասար պայքար մղել այդ տեղի համար», - եզրակացնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Զորահանդեսային անկախություն» վերնագրի տակ «Ժամանակ Երեւան» թերթի մեկնաբանն այսօր ի մի է բերել իր տպավորությունները անկախության 15-ամյակի կապակցությամբ անցկացված միջոցառումներից՝ շեշտադրելով. - «Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել. Հայաստանը անդամագրվել է Եվրախորհրդին, քայլեր է անում ինտեգրվելու միջազգային հանրությանը՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տարբեր ծրագրերին։ Սակայն, ինչո՞ւ այս ամենը հավատ չի ներշնչում շարքային հայաստանցուն, ինչո՞ւ նա ավելի պաշտպանված չի զգում այսօր իրեն», - հարցնում է թերթի մեկնաբանն ու ինքն էլ պատասխանում. - «Հայաստանցին համոզվել է, որ եվրոպական ընտանիքին մաս կազմելու ծրագրերը կապ չունեն իշխանությունների մտածողության, դավանած արժեքների եւ իրականացրած քաղաքականության հետ»։

«Հայկական ժամանակ»-ը, իր հերթին, տպավորությունները կիսելով երեկ կայացած զորահանդեսից, առանձնացրել է. - «Ցուցադրման այս մասի հասցեատերերը Հայաստանի քաղաքացիները չէին միայն, այլ ավելի շատ` օտարերկրացիները, որոնք, հնարավոր է, տպավորություններ կկիսեն ադրբեջանցի եւ թուրք դիվանագետների հետ: Եվ իշխանությունների այս մեսիջը տեղ էր հասել. դրա մասին էին վկայում զորահանդեսից դուրս մնացած տեխնիկայի ֆոնին նկարվող բազմաթիվ արտասահմանցիները», - նկատել է թերթն ու հարցրել. - «Արդյո՞ք մեր իշխանությունները ճիշտ են վարվել այսօրինակ ցուցադրում իրականացնելով»: Մեկնաբանի հայացքով, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ներկա հանգրվանում այս քայլը, իհարկե, միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, բայց` «միայն այն քաղաքականության տեսակետից, որ Հայաստանը վարում է վերջին ութ տարիների ընթացքում»: «Այլ բան, որ վարվող քաղաքականությունն է ի սկզբանե սխալ եւ վտանգավոր», - բխեցրել է մեկնաբանը:

«2007-ին ե՞ւս լինելու է՝ ինչպես ամեն անգամ. ընդդիմությունը խոստանալու է իշխանափոխություն, իշխանությունը կեղծելու է ընտրությունները» հարցին ի պատասխան Ազգային առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Ժամանակ Երեւան» թերթին տված հարցազրույցում հետեւյալ պատասխանն է տվել. - «Այս անգամ մենք իրոք ունենք նոր վիճակ. ընտրությունների ենք գնում գործող նախագահի ժամկետի ավարտի պայմաններում, գործող վարչակազմը իր գոյության 9 տարիների ընթացքում միջազգային հանրության նկատմամբ դրսեւորել է ոչ կառուցողական մոտեցում, երկիրը կառավարվում է բացառապես ավտորիտար մեթոդներով, վարչակազմը երկիրը դուրս է թողել միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական ծրագրերից, ինչի հետեւանքով այլեւս ոչ մի արժեք չի ներկայացնում ո'չ մեր հասարակության, ո'չ էլ դրսի համար։ Այնպես որ, աշխարհն այլեւս չի հանդուրժի նման վարչախմբի վերարտադրությունը։ Դա լավ են հասկանում նաեւ վարչախմբի պարագլուխները, որոնք հարյուր տոկոս մոբիլիզացիա են հայտարարել, ինչը չկար 2003 թվականին։ Նրանց ռեսուրսը բացառապես ներքին ռեսուրսն է՝ վարչական, կրիմինալ, ֆինանսական»։

«Չորրորդ իշխանություն» թերթն այսօր փոխանցել է, թե Հարկային պետակական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործը հետաքննող դատախազությունը հայտնվել է փակուղում։ Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդել է. - «Դատախազությունը Վիրաբյանների մեղքը ապացուցող բավարար հիմքեր չունի»։ Թերթը հավելել է, թե կան արդեն մեկնաբանություններ, որ դատախազությունը ի վերջո ազատ է արձակելու Վիրաբյաններին, սակայն իր դեմքը փրկելու համար նրանց կդատապարտի ապօրինի զենք կրելու մեղադրանքով եւ այնուհետեւ դատարանի դահլիճից էլ ազատ կարձակվի»։

Հայ օգնության միության 15-ամյա հոբելյանի առիթով «Երկիր» թերթը զրուցել է կազմակերպության անդամ Ալվարդ Պետրոսյանի հետ: Վերջինս մանրամասն ներկայացրել է այս տարիներին ՀՕՄ-ի իրականացրած բոլոր բարեգործական ծրագրերը աղքատության նվազեցման բնագավառում ու հավելել. - «Առնվազն տարօրինակ է, երբ այսքանից հետո ֆինանսների նախարարությունը Ծաղկաձորում սեմինար է կազմակերպում աղքատության հաղթահարման թեմայով եւ քննարկումներին չի հրավիրում ՀՕՄ-ին: Չեմ կարծում, թե մենք ենք կորցրել, կորցրել են իրենք, քանի որ սալոնային տիկնանց եւ պարոնների վերացական ելույթներով աղքատությունը չի հաղթահարվելու»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG