Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Հպարտ եմ, որ տեսել եմ անկախ Հայաստանը»


«Հպարտ եմ, որ ես տեսել եմ անկախ Հայաստանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատոր, անկախ Հայաստանի առաջին վարչապետ, 1992-93 թվականներին երկրի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: - «Անկախության մասին հազարավոր ժողովուրդներ հազարավոր տարիներ երազել են: Մենք երկու հարյուր պետություններից մեկը կարողացանք դառնալ, ու ես դա տեսել եմ: Ինձ համար դա երջանկություն է»:

Հարցին, թե այսպիսի՞ն էր իր երազած Հայաստանը, Մանուկյանը արձագանքեց. - «Չէ: Սա չի համապատասխանում իմ երազանքին, բայց, ես կարծում եմ, դեռ ամեն ինչ առջեւում է»:

«Ղարաբաղ» կոմիտեի մեկ այլ անդամ` ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը մեկ առ մեկ թվարկեց անկախ Հայաստանի թե’ ձեռքբերումները, թե’ ձախողումները: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կշեռքի ո՞ր նժարն է ավելի ծանր, Ղազարյանը պատասխանեց. - «Միայն այն հանգամանքը, որ մենք այդ պայքարում վերադարձրինք մեր կորցրած հայրենիքի մի կտորը, արդարացնում է ամեն ինչ: Ես չեմ կարող նժարի վրա դնել դա. անշուշտ, ձեռքբերումը պատմական է, իսկ կորուստները` ցավալի: Այդ խախտումները, այդ խեղաթյուրումները ցավալի, բայց ուղղելի են»:

Անկախության պայքարի համար երկար տարիներ խորհրդային բանտերում անցկացրած Պարույր Հայրիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «գոհունակությամբ» արձանագրեց, որ «այն իշխանությունները, որոնք, ըստ էության, կապ չունեն այդ երեւույթի հետ, կամ, եթե կապ են ունեցել` բացասական իմաստով, նրանք կարողանում են այսպիսի մեծ շուքով, ինչ-որ տեղ նաեւ աղմկարարությամբ նշել մեր մեծագույն տոնը` պետականության վերականգնման օրը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG