Մատչելիության հղումներ

Այսօր խաղաղության միջազգային օրն է


1981 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է Խաղաղության օր, որը պետք է նշվեր ասամբլեայի նստաշրջանի բացման օրը: Իսկ ճիշտ 5 տարի առաջ՝ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության տասնամյակի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն որոշեց սեպտեմբերի 21-ը հռչակել Հրադադար հաստատելու եւ բռնությունը մերժելու օր:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը այն ժամանակ ասել էր. - «Կոչ եմ անում ամբողջ աշխարհում հաստատել 24-ժամյա հրադադար, կեսօրին մեկ րոպե լռություն հայտարարել: 24 ժամը երկար չի տեւում, բայց բավական է, որպեսզի մարտական գործողությունների մեջ ներքաշված կողմերը եւ քաղաքական լիդերները տեսնեն, թե ինչ ավերներ են պատուհասել իրենց ժողովուրդներին եւ երկրներին»:

Այս տարի գլխավոր քարտուղարը վերջին անգամ է Նյու 3որքում մասնակցելու Խաղաղության միջազային օրվա միջոցառումներին: Սեպտեմբերքսանմեկյան իր վերջին ուղերձում նա բարեկեցիկ, ապահով երկրների բնակիչներին հորդորել է չմոռանալ պատերազմի եւ աղքատության մեջ ապրողների մասին. - «Շատերիս համար խաղաղությունն առօրյա իրականություն է: Մեր փողոցներն անվտանգ են, մեր երեխաները դպրոց են հաճախում: Եթե հասարակարգն ամուր է, խաղաղության արժեքը գրեթե աննկատ է դառնում, բայց այսօր աշխարհում կան մեծ թվով մարդիկ, որոնց համար դա սոսկ երազանք է»:

ՄԱԿ-ը հայտարարում է, որ կոնֆլիկտները կարգավորելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ամենատարբեր բնագավառներում: Դա ոչ միայն հրադադարի հաստատումն է. կոնֆլիկտների արմատները զանազան են՝ աղքատությունը, վարակների տարածումը, մարդու իրավունքների ոտնահարումը, ժողովրդավարության բացակայությունը, սոցիալական եւ տնտեսական զարգացման ցածր մակարդակը: Թերացումը դրանցից մեկում ինքնին պարարտ հող է ստեղծում կոնֆլիկտի համար:

«Նախորդ տասնամյակի համեմատությամբ, այսօր ավելի քիչ կոնֆլիկտներ կան: Բայց եղածն էլ շատ է: Կոնֆլիկտի ցանկացած զոհ` մեր ձախողումն է, նա հիշեցնում է, որ դեռ շատ աշխատանք կա առջեւում», - ասել է Քոֆի Անանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG