Մատչելիության հղումներ

Թուրք դատավորն արդարացրեց գրող Էլիֆ Շաֆաքին


Այսօր Ստամբուլում թուրք դատավորն արդարացրեց հայտնի գրող Էլիֆ Շաֆաքին, որը մեղադրվում էր «թուրքերի ինքնությունը վիրավորելու մեջ»:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, գլխավոր դատավոր Իրֆան Ադիլը արդարացրեց Էլիֆ Շաֆաքին, որը հիվանդանոցում է գտնվում` անցած շաբաթվա վերջին ծննդաբերելուց հետո:

Այսօր սկսված դատավարությունն ուղեկցվում էր ազգայնամոլների կազմակերպած ցույցով:

Էլիֆ Շաֆաքի դեմ թուրքական ինքնությունը վարկաբեկելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել ամիսներ առաջ՝ «Ստամբուլի սրիկան» վեպի հրապարակումից անմիջապես հետո:

Մեղադրանքն առաջադրելու պատճառն այն էր, որ գրքի գլխավոր հերոսներից մեկը հիշատակում է Հայոց ցեղասպանության փաստը՝ ասելով. - «Ես ցեղասպանությունը վերապրածի թոռ եմ: Իմ հարազատների մեծ մասը կյանքը կորցրել է 1915-ին՝ թուրք մսագործների ձեռքով»:

Դատավարությունը միջազգային իրավապաշտպան ու գրական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում էր: Միջազգային P.E.N. ակումբը, որ միավորում է ավելի քան 100 երկրների արձակագիրների, բանաստեղծների ու գրականագետների, հատուկ պատվիրակություն էր ուղարկել Ստամբուլ՝ մասնակցելու թուրք արձակագրի դատավարությանը:

«Եթե իմ գրքի հերոսները, ասենք, գող լինեին, արդյո՞ք ինձ դատելու էին գողության համար», - «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում հռետորական այսպիսի հարց էր ուղղել Շաֆաքը՝ պնդելով, որ իր գրքում չի փորձել վարկաբեկել թուրք ժողովրդին կամ պետությունը:

Թուրք կին արձակագիրը ծնվել է Ֆրանսիայում 1971 թվականին: Նրա մայրը դիվանագետ էր, եւ ողջ մանկությունն ու պատանեկությունը Էլիֆ Շաֆաքը անցկացրել է Ֆրանսիայում ու Իսպանիայում: Նրա կյանքի այդ տարիները համընկել են այն ժամանակաշրջանին, երբ հայկական զինված կազմակերպությունները, մասնավորապես, ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ), Արեւմտյան Եվրոպայում հարձակումներ էին իրականացնում թուրք դիվանագետների դեմ:

«Իմ առաջին առնչությունը «հայ» հասկացության հետ շատ բացասական երանգ ուներ, եւ այն միայն մեկ բան էր ենթադրում՝ մարդ, որը ուզում է սպանել իմ մորը», - հարցազրույցներից մեկում ասել է Շաֆաքը: Նա խոստովանում է, որ հետագայում արդեն իրեն սկսեց տանջել հարցը, թե ո՞րն էր թուրք դիվանագետների նկատմամբ այդ ատելության պատճառը, եւ ի՞նչ կար դրա ետեւում:

Էլիֆ Շաֆաքի դեմ դատական քննությունը Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախաձեռնել էր ծայրահեղ աջ հայացքների տեր թուրք իրավաբանների նույն խումբը, որը նախկինում նմանատիպ հայցեր էր ներկայացրել ընդդեմ գրող Օրհան Փամուքի եւ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի:



Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG