Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի անկախության տոնն է. լրացավ Երրորդ հանրապետության անկախության 15-րդ տարեդարձը:

«Պետական շինարարության համար Հայաստանի մեկնարկային պայմանները չափազանց բարդ էին, բայց բարձր էր մեր ժողովրդի ոգին, եւ մեծ էր ցանկությունը՝ հաղթահարել բոլոր դժվարությունները՝ հանուն ազատության եւ արժանապատվության»,- ասված է Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում: - «Հայաստանի Հանրապետությունը մեծագույն նվաճումն է, որ վաստակվել է սերունդների նպատակաուղղված ջանքերի շնորհիվ: Այսօր Հայաստանը կայուն, զարգացող երկիր է»:

«Անկախության մեկ ու կես տասնամյակը եղել է դժվարին փորձությունների ու մաքառումների, ծանր կորուստների ու զրկանքների, բայց միաժամանակ մեծ հաղթանակների ու ձեռքբերումների, ինքնահաստատման եւ ազգային ինքնության վերարժեվորման շրջան»,- ասված է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձում: - «Ժողովրդի անսահման տոկունության շնորհիվ կարողացանք դիմակայել բոլոր փորձություններին եւ այսօր ունենք երկու հայկական պետություն, մեր սահմանները հուսալիորեն պաշտպանող, կայացած ազգային բանակ, ամուր հիմքեր ունեցող տնտեսություն»:

«Անկախության օրը ավելի քան 600-ամյա ընդմիջումից հետո իրականություն դարձած մեր ազգային նվիրական իղձերի ու համազգային հպարտության օրն է», - ասված է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձում: - «Մենք բավարար կամք եւ ներուժ ունենք միասնաբար դիմագրավելու բոլոր փորձությունները` մեր պետության ապագայի հանդեպ աներեր հավատով շարունակելու անկախության 15-ամյա մեր երթը»:

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը «այո» ասաց Հայաստանի անկախությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG